ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սվաճյան փողոցում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա է այրվել

Սվաճյան փողոցում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա է այրվել

Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Սվաճյան փողոցի թիվ 40 շենքի դիմաց, Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳԲ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Հրշեջները մարել են Porsche Cayenne մակնիշի 01 ՍX 110 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած հրդեհը։ 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Արդեն մի քանի ժամ է, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Էդգար Կուրղինյանն ու Արսեն Մելքոնյանը։ 
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում առաջացել կրակը։ 

 

  • Կիսվել: