Սուտ ու մոլորեցում է, որ տրանսպորտը դառնում է 300 դրամ. Ավինյանը՝ Մարությանին
Այս պահին Factor tv-ի եթերում բանավիճում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, թեման տրանսպորտի թանկացումն է:
Մարությանը պնդեց, որ հարյուր դրամով հնարավոր է ունենալ որակյալ ավտոբուսային ու առհասարակ տրանսպորտային համակարգ: ՛՛Այսօր իշխանությունները պնդում են, որ դա հնարավոր չէ անել, որովհետև իրենք ուղղակի չեն կարող ճիշտ կառավարել՛՛,-կարծիք հայտնեց նա:
Հակադարձլով՝ Ավինյանն ասաց, որ դա սուտ ու մոլորեցում է, որ տրանսպորտը դառնում է 300 դրամ: ՛՛Անկեղծ ասած՝ բոլոր էն մարդիկ, որոնք այս ստին ու մոլորեցմանը տրվել են, կարիք ունեին բացատրության քաղաքապետի կողմից, և ես կբացատրեմ բանավեճի ընթացքում մանրամասն՛՛,-խոստացավ նա:
Ի պատասխան՝ Մարությանը նշեց, որ քաղաքապետը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասաց, և որ իրենք ՛՛մոնտաժի արքաներն են՛՛: Մարությանի խոսքով՝ իր՝ քաղաքապետ եղած ժամանակ ասել է, որ հանրաքվեի միջոցով կարելի է փոփոխել տրասնպորտի սակագինը: ՛՛Հիմա հանգիստ կարելի է ասել՝ առանց հանրաքվեի էլ այդ գումարը չթանկացնելու հնարավորություն կա: Հնարավոր է՝ ոչ թե թանկացնել, այլ սուբսիդավորել այդ գինը, ես սա հասկացել եմ՛՛,- նշեց նա:
Ավինյանն էլ հակադարձեց. ՛՛Դուք հասակցա՞ք՝ տարեկան կարողանալու եք տրանսպորտի գինն այնքան սուբսիդավորել, որ գինը չփոխվի՞: Պարոն Մարության, Դուք այս հարցով ամեն ինչ խոսել եք, դուք ասել եք ՝ 2-3 կանգառ գնացողների համար կպահենք 100 դրամը, բայց, սիրելի երևանցիներ, տարօրինակ է, որ չթանկանա՛՛:
Բանավեճը շարունակելով՝ Մարությանն ասաց, որ դա սուտ տեղեկություն է. ՛՛Սուտ ինֆորմացիա չտաք, ես ասել եմ, որ պետք է ռեֆերենդում լինի, իսկ հիմա ասում եմ, որ 100 դրամը կարող է մնալ, հիմա եթե ես լինեի քաղաքապետ, ռեֆերենդում չէի անի՛՛:
Եզրափակելով՝ Ավինյանը նշեց. ՛՛Պարոն Մարությանը դիմել է քաղաքական գործչի վերջին հանգրվանին՝ մարդկանց սուտ հրամցնելուն՛՛: