Ստորգետնյա քաղաքի անցուդարձը՝ մեքենավարի խցիկից․ Երևանի մետրոպոլիտենը Ավետի երազանքն իրականացրել է
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում երեկ հյուրընկալվել է ծննդյան տարեդարձը տոնող 11-ամյա փոքրիկ Ավետը։ Այս մասին տեղեկացնում է մետրոպոլիտենի «Ֆեյսբուք»-ի էջը։
Ավետի մայրը օրեր առաջ մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջին նամակ էր գրել՝ խնդրելով իրականցնել տղայի փոքրիկ երազանքը։ Տղան բարձր առաջադիմությամբ սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և երազում է դառնալ ինժեներ։
Ավետի փոքրիկ երազանքն է եղել լինել մետրոպոլիտենի կայարաններում, ծանոթանալ քաղաքի տակ գտնվող քաղաքի աշխատանքներին և տեսնել ստորգետնյա քաղաքի անցուդարձը մեքենավարի խցիկից ։
Գրառման մեջ նաև ասված է․
«Շրջելով մետրոպոլիտենի կայարաններում՝ Ավետին պատմեցինք Երևանի մետրոպոլիտենի ձեռքբերումների, կատարած աշխատանքների ու ապագայի տեսլականի մասին։
Շնորհավորելով Ավետին ծննդյան տոնի առթիվ՝ մաղթում ենք, որ հետագա կյանքում ապրի իրականության վերածած երազանքի աշխարհում, որն այդպիսին կդառնա նաև հենց իր մտքի, գաղափարի ու աշխատանքի շնորհիվ»: