Ստամբուլի նահանգապետն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան, առաջիկայում նա կհանդիպի Տեր Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի հետ
Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան, տեղեկացնում է Պոլսի «Ժամանակ» օրաթերթը:
Նշվում է, որ առաջիկա օրերին սպասվում է նաև նահանգապետի և Տեր Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի հանդիպումը:
Գումբագուում նահանգապետ Ալի Երլիքայային Պատրիարքարանի մուտքի մոտ դիմավորել են տեղապահ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, դիվանապետ Տեր Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը և Տեր Շիրվան քահանա Միրզոյանը: Ներկա էր նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող մարմնի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուն: Դիմավորման արարողության ավարտից հետո նահանգապետ Ալի Երլիքայան նորին սրբազնության և ուղեկցողների հետ առաջնորդվել է Պատրիարքարանի դահլիճ:
Շուրջ 35 րոպե Գումգաբուում մնալուց հետ Ալի Երլիքայան լքել է Պատրիարքարանը: Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և ներկաները բարի երթ են մաղթել նահանգապետին:
Գումբագուից մեկնելուց առաջ նահանգապետ Ալի Երլիքայան «Ժամանակ»-ին հայտնել է, որ այս այցելությունը հատուկ նշանակություն չուներ, այլ պարզապես ցանկացել էր այցելել Պատրիարքարան, որովհետև պատրիարքի ընտրության օրը հետզհետե մոտենում է: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Ալի Երլիքայան ցանկացել է անվտանգության և այլ բնույթի հարցերի շուրջ զրույց ունենալ Պատրիարքարանում:
Նահանգապետը հայտնել է, որ առաջիկա օրերին հանդիպում կունենա նաև Կրոնական ժողովի ատենապետ Տեր Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի հետ: