Սրտաճմլիկ գրառում արած ԵՊԲՀ ռեկտորը Արտավազդ Սահակյանի մահից օրեր առաջ խոսել էր բաժնի լուծարման մասին
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մահացել է պատվավոր պրոֆեսոր, հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։ Կարճ ժամանակ անց սրտաճմլիկ ու կարեկցող հրապարակում հայտնվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջում. վերջինս ցավում էր մեծ պրոֆեսորի անժամանակ կորստի համար։ Թվում է՝ ԵՊԲՀ ռեկտորն իսկապես խորը վշտացած է Արտավազդ Բագրատիչի կորստով, բայց Oragir.News-ին բոլորովին այլ պատկեր ներկայացնող տեղեկություններ են հայտնի դարձել։
Մեր տեղեկություններով, Արտավազդ Սահակյանի հետ աշխատող պրակտիկանտներից մեկը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել նույն բուժհաստատությունում, իսկ Արտավազդ Սահակյանն ի պատասխան նշել է, որ աշխատանքի անցնելու համար ինչ-որ մեկը պետք է խոսի ռեկտորի հետ։ Պրակտիկանտի հայրը կապ է հաստատել ԱԺ նախկին պատգամավորի հետ, խնդրել է խոսել Արմեն Մուրադյանի հետ. բայց վերջինը երբ կապ է հաստատել ԵՊԲՀ ռեկտորի հետ, պարզել է, որ աղջկան աշխատանքի ընդունելն «անիմաստ է», քանի որ Մուրադյանը պատրաստվում է լուծարել Արտավազդ Սահակյանի բաժինն ու բոլորին հանել բաժնից։
Ուշագրավ է, որ այս միջադեպը տեղի է ունեցել Սահակյանի մահվանից մի քանի օր առաջ ընդամենը։
Արտավազդ Սահակյանի նկատմամբ Արմեն Մուրադյանի կողմից նմանատիպ վերաբերմունք առաջին անգամ չէր, որ բացահայտ տեսանելի էր։ Տարիներ առաջ էլ, երբ Արտավազդ Սահակյանը վերանորոգել էր ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի իր կաբինետը, Արմեն Մուրադյանը կարճ ժամանակ անց նրան հանել էր ամբիոնից ու տեղափոխել նկուղ, իսկ նոր վերանորոգված ամբիոնում տեղակայվել էր «Զինվորի տունը»։
Նշենք, որ իրավիճակին տեղյակ բժիշկները InfoPort.am-ին էլ են ավելի վաղ հայտնել ԵՊԲՀ ռեկտորի կողմից Արտավազդ Սահակյանի նկատմամբ պարբերաբար կիրառվող ճնշումների մասին, սակայն այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչ խմդիր ուներ Արմեն Մուրադյանը համաշխարհային մասշտաբի այս վիրաբիւյժի հետ, չէ որ յուրաքանչյուր բուժհաստատության համար միայն պատիվ էր իր անձնակազմում Արտավազդ Սահակյանի նման բժշկության ոլորտի ռահվիրա ունենալ։


