ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2020
Սպանություններ՝ ոսկյա ականջօղերի համար. դատաքննությունը շարունակվում է

Սպանություններ՝ ոսկյա ականջօղերի համար. դատաքննությունը շարունակվում է

Եղեգնաձոր քաղաքի 21-ամյա բնակիչը մեղադրվում է 2015 թվականին ոսկյա ականջօղերի համար 2 կանանց սպանելու մեջ։ Դատական նիստերը դեռեւս ընթանում են։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Խաչատրյանը 2015 թվականի հոկտեմբերի 20-ին, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պատրվակով, սակայն ուրիշի գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ գնացել է Եղեգնաձոր քաղաքում միայնակ բնակվող, 91-ամյա Վարդուշ Սիմոնյանի տուն եւ նրանից որոշակի վճարի դիմաց խնդրել է կատարել այգեգործական աշխատանք:

Վարդուշ Սիմոնյանի առաջարկով մտել է առանձնատան խոհանոց, որտեղ նրա կրած ոսկյա ականջօղերը տեսնելով՝ բռնություն գործադրելով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հափշտակելու նպատակով, բռնել է ուսի հատվածից, ուժգնությամբ քաշել, գցել է գետնին, գլուխը հարվածել բետոնյա հատակին, ինչի հետեւանքով Վարդուշ Սիմոնյանը մահացել է:

Այնուհետեւ, Նարեկ Խաչատրյանը Վարդուշ Սիմոնյանի ականջներից հանելով` հափշտակել է վերը նշված` բաց կարմրավուն գույնի քարերով ոսկյա ականջօղերը եւ հեռացել եւ հետագայում դրանք 32.000 ՀՀ դրամով վաճառել։

4 օր անց Նարեկ Խաչատրյանը դարձյալ այգեգործական աշխատանքներ կատարելու պատրվակով գնացել է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում բնակվող 76-ամյա Գոհար Բարսեղյանին պատկանող հողամաս եւ նրանից որոշակի վճարի դիմաց խնդրել է կատարել այգեգործական աշխատանք, ինչին վերջինս համաձայնել է:

Նրա առաջարկով բարձրացել է ծառը` խնձոր քաղելու, եւ վերեւից նկատելով Գոհար Բարսեղյանի ականջներին կարմրավուն գույնի քարերով ոսկյա ականջօղեր` դրանք վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հափշտակելու նպատակով, իջել է ծառից, վերցրել խնձորենուն հենած բահը եւ որպես զենք օգտագործվող այդ առարկայի մետաղյա հատվածով թիկունքից ուժգին հարվածել է Գոհար Բարսեղյանի գլխին, վերջինս մահացել է:

Այնուհետեւ, Նարեկ Խաչատրյանը բերանքսիվայր ընկած Գոհար Բարսեղյանի ականջներից հանելով` հափշտակել է ականջօղերը եւ հեռացել, որոնք հետագայում 28.000 դրամով վաճառել է։

Նարեկ Խաչատրյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, ավազակային հարձակմամբ զուգորդված Վարդուշ Սիմոնյանի եւ Գոհար Բարսեղյանի սպանության դեպքերի հետ առնչություն չունեցող Սմբատ Զաքարյանին անհիմն մեղադրել է այդ` առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ՝ դրանց վերաբերյալ բազմիցս գրավոր հաղորդելով իր կողմից տրված ցուցմունքների արձանագրություններում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերով (սպանություն) եւ 333-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնությունը)։

 

  • Կիսվել: