Սոլովյովի մասնակցությամբ հաղորդումը մեզ մոտ արգելված է. դրանից հետո միջադեպ չի եղել. Հայրապետյան
Չորս ամիս առաջ մեր առաջարկներն ուղարկել ենք մեր ռուս գործընկերներին՝ կապված միջպետական համաձայնագրում փոփոխությունների հետ, որի մասին հանրային ելույթներ ենք ունեցել և արձագանք չենք ստացել, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակմանը, ասաց Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան։
Նա ավելացրեց նաև, որ մեկ ամիս առաջ նորից նամակ են ուղարկել.«Ակնկալում ենք առաջիկայում ստանալ արձագանք՝ հասկանալու նաև մեր ռուս գործընկերների պատկերացումները, թե արդյոք հնարավոր են համարում այդ միջպետական համաձայնագրում այդ փոփոխությունները»։
Անդրադառնալով ՀՀ իշխանություններին վիրավորող, քննադատող ռուսական հաղորդումներին՝ Հայրապետյանը նշեց.««Ռոսիա 24»-ով կար Վլադիմիր Սոլովյովի մասնակցությամբ հաղորդում։ Դա հիմա հանրային մուլտիպլեքսից հանված է, այն միայն ORT HD-ով է, որը հանրային մուլտիպլեքսից դուրս է և որի նկատմամբ վերահսկողական գործառույթ չունենք։ Այս պահի դրությամբ մենք խոսում ենք մեր մանդատի շրջանակներում գործունեության մասին։ Կարող եմ ասել, որ չունենք որևէ ահազանգ, որ Սոլովյովի հաղորդումից հետո որևէ նման միջադեպ ունենք։ Ցայսօր էլ այդ հաղորդումն արգելված է մեզ մոտ»։