հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սխալվելուց հետո էլ Արայիկ Հարությունյանը իր խոսքերի ճիշտ հակառակ քայլերն է կատարում. Աննա Կոստանյան

Սխալվելուց հետո էլ Արայիկ Հարությունյանը իր խոսքերի ճիշտ հակառակ քայլերն է կատարում. Աննա Կոստանյան

Այսօր էլ պնդում եմ իմ այն խոսքը, որ կրթական համակարգը կոլապսի եզրին է։ Այս մասին խորհրդարանում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահության հարցապնդումը։

Նրա խոսքով՝ հանրային դժգոհությունը կրթական համակարգի քաղաքականությունը վարող պատասխանատուի հանդեպ մեծանում է, քանի որ երկու տարվա ընթացքում մի շարք խնդիրներ կրթական համակարգում ընթանում են նախկինում ընդունված պրակտիկայով կամ ոչ կոնստրուկտիվ ճանապարհով։

Դիմելով Արայիկ Հարությունյանին՝ պատգամավորը նշեց, որ անսխալական մարդ չկա, սակայն սխալվելուց հետո էլ նախարարն իր խոսքերի ճիշտ հակառակ քայլերն է կատարում՝ առանց ընդունելու և շտկելու այդ սխալները:

Պատգամավորը ընդգծեց, որ օրինակ՝  Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը գիտակցաբար կազմակերպվել է օրենքի կոպտագույն խախտումներով միայն նրա համար, որ հաղթի Հարությունյանի համար ֆավորիտ թեկնածուն, մինչդեռ իրական բարեփոխումներ անող ռեկտորին պաշտոնանկ արեցին։

ԵՊՀ-ում էլ, ըստ պատգամավորի, նույն իրավիճակն է, որտեղ կառավարման ճգնաժամ է, և այդ հարցում մեծ ազդեցություն ունի Արայիկ Հարությունյանը: «Դուք աղաղակում էիք, որ պետությունը չի միջամտում բուհերի կառավարմանը, նրանք ինքնավար են, սակայն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ղեկավարի ընտրությունն այլ բան ցույց տվեց»,- ընդգծեց Աննա Կոստանյանը:

Նա նաև ասաց, որ ապօրինություններ են տեղի ունենում Հայաստանի ազգային կինոկենտրոնում, այսինքն, ըստ նրա, մշակույթի ոլորտում էլ խնդիրները բազմաթիվ են։

Պատգամավորը նաև նշեց, որ ԿԳՄՍ նախարարը սոցիալական անհանդուրժող վերաբերմունք է դրսևորում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք դժգոհություն են արտահայտում նրա աշխատանքից: «Բարձրաստիճան պաշտոնյային հարիր չէ նման վերաբերմունքը, բոլորը հավասար ՀՀ քաղաքացիներ են և իրավունք ունեն իրենց դժգոհությունն արտահայտել ձեր գործունեության վերաբերյալ»,- ասաց  Աննա Կոստանյանը: 

  • Կիսվել: