Շուրջ 80 անձ անցել է ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի անվճար, գաղտնի և անանուն հետազոտություն
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, Առողջապահություն Եվ Դեղագործություն EXPO 2022 ցուցահանդեսի շրջանակում, իր բուժախտորոշիչ շարժական կլինիկայում շուրջ 80 անձանց հնարավորություն է ընձեռել անցնելու ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի անվճար, գաղտնի և անանուն հետազոտություններ, որոնց վերաբերյալ պատասխանները քաղաքացիներն ստացել են 15-20 րոպեի ընթացքում։
«Հոգալով ձեր և ձեր մտերիմների առողջության մասին՝ մի՛ մոռացեք տարեկան առնվազն մեկ անգամ անցնել ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի հետազոտություններ: Նախաձեռնությունն իրականացվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից ֆինանսավորվող «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության մասսայականացում» ծրագրի շրջանակում»,-կոչ է անում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը:
Հիշեցնում է, որ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բուժախտորոշիչ շարժական կլինիկաներում պարբերաբար իրականացվում են անվճար հետազոտություններ։ Դրանց ժամանակացույցի և անցկացման վայրերի մասին նախապես տեղեկանալու համար պետք է հետևել ֆեյսբուքյան էջի թարմացումներին։







