երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Շտաբային ուսումնավարժություն Երևանի քաղաքապետարանում

Շտաբային ուսումնավարժություն Երևանի քաղաքապետարանում

Հունիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում անց է կացվել «Քիմիական վտանգավոր օբյեկտների վթարի դեպքում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որի ղեկավարն էր Երևանի փոխքաղաքապետ Ա․ Փամբուխչյանը, իսկ ղեկավարի տեղակալը՝ ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Կիրակոսյանը:
 
Մասնակիցների կազմում էին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական և ոստիկանության վարչություններից ծառայողներ, Երևան քաղաքի արտակարգ իրավիճակների մշտական գործող և տարհանման հանձնաժողովներից աշխատակիցներ։
 
Ուսումնավարժության նպատակներն էին՝
 
 ղեկավար կազմի մասնագիտական ունակությունների կատարելագործումը՝ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ,
 
 բնակչության պաշտպանության միջոցառումներին ընդգրկված կառավարման մարմինների փոխհամագործակցության արդյունավետության բարձրացումը,
 
 «Արտակարգ իրավիճակներում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության պլան»-ի՝ «Քիմիական վտանգավոր օբյեկտների վթարի դեպքում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության» հավելվածով սահմանված միջոցառումների կազմակերպման և իրականացման իրատեսության ստուգումը:
 
Ըստ շտաբային ուսումնավարժության խաղարկման սցենարի՝ «Արմսվիթ» ՍՊԸ-ի կոմպրեսորային արտադրամասում վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով առաջացել էր ամոնիակի արտահոսք, իսկ կոմպրեսորի յուղային համակարգում հրդեհ էր բռնկվել, որը տարածվել էր երկու պահեստների ամբողջ երկայնքով։ Ստեղծված իրավիճակի հետևանքով վտանգված էին հարակից տարածքի բնակչության և գործարանի աշխատակիցների կյանքն ու առողջությունը:
 
Շտաբային ուսումնավարժանքն իրականացվեց 2 փուլով: Առաջին փուլում իրականացվեցին մասնակիցների ազդարարում, հավաք և խնդրադրում, արձագանքման, հետախուզության և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, ինչպես նաև ԱԻ հանձնաժողովի որոշման նախապատրաստում և ընդունում:
 
Մասնակիցները, որպես իրենց առջև դրված խնդիրներ, իրականացրեցին աշխատանքներ օբյեկտի տարածքում առաջացած հրդեհի օջախում՝ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև կազմակերպեցին հետախուզություն՝ օբյեկտի հնարավոր քիմիական աղտոտվածության աստիճանը պարզելու, իրավիճակի գնահատման և տուժածների տարհանման նպատակով:
 
Փոխհամագործակցելով տարհանման հանձնաժողովների հետ` կազմակերպվեցին և կոորդինացվեցին ազդակիր համայնքների բնակչության ազդարարման, իրազեկման և անհրաժեշտության ժամանակ տարհանման աշխատանքներ:
 
Գործողության մեջ դրվեց «Արտակարգ իրավիճակներում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության պլան»-ի՝ «Քիմիական վտանգավոր օբյեկտների վթարի դեպքում Երևան քաղաքի բնակչության պաշտպանության» հավելվածը, ըստ որի օբյեկտում կազմակերպվեց հետախուզություն, համաձայն «Արմսվիթ» ՍՊԸ-ի հրդեհաշիջման օպերատիվ պլանի իրականացվեցին հետախուզություն, մարտական բացազատում, հրդեհաշիջման մակերեսի, հրդեհաշիջման օղակների, փողրակների և անհրաժեշտ ջրի քանակի ծախսի որոշում:
 
Մասնակիցներից յուրաքանչյուրն իր ոլորտով ներկայացրեց զեկույց, որից հետո ամփոփվեցին առաջին փուլի արդյունքները:
 
Երկրորդ փուլում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման և բնակչության պաշտպանության միջոցառումներն էին, որոնց շրջանակներում արձագանքող ուժերի ու օպերատիվ ծառայությունների կողմից իրականացվեցին տարածքի սահմանազատում, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ, բուժօգնության ցուցաբերում, կոմունալ-էներգետիկ ցանցերի և խողովակաշարերի վերականգնում, վտանգավոր տարածքում հայտնված բնակչության պաշտպանության կազմակերպում, ինչպես նաև՝ բարձրախոսներով վտանգավոր տարածքում հայտնված բնակչության իրազեկում՝ վարվելակերպի և հասարակ պաշտպանության միջոցների օգտագործման մասին:
 
Ավարտին մասնակիցները վարժանքի ղեկավարին զեկուցեցին կատարված աշխատանքների մասին, վերջինս ամփոփելով ուսումնավարժության արդյունքները, մատնանշեց ուժեղ ու թույլ կողմերը, որոնց վերացման ուղղությամբ տրվեցին հանձնարարականներ:

  • Կիսվել: