շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Շրջակա միջավայրի նախարարը և դեսպան Հովլանդը քննարկել են Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին նախապատրաստվելու շրջանակում

Շրջակա միջավայրի նախարարը և դեսպան Հովլանդը քննարկել են Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին նախապատրաստվելու շրջանակում

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոթ Հովլանդին։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից:
 
«Նորվեգիայի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի շրջակա միջավայրի պահպանության օրակարգի առաջմղման համար։ Հանդիպմանը քննարկել ենք երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ զարգացումները և այն հնարավորությունները, որոնք կարող են դրանք նոր մակարդակի հասցնել։
 
Անդրադարձել ենք բնապահպանական համագործակցությանը՝ հաշվի առնելով 2025 թվականի սեպտեմբերին ստորագրված կենսաբազմազանության պաշտպանության ոլորտում փոխգործակցության հուշագիրը, որը նոր գործնական հիմք է ստեղծում համատեղ նախաձեռնությունների համար։
 
Քննարկել ենք նաև Նորվեգիայի ակտիվ ներգրավվածությունը COP17-ին նախապատրաստվելու շրջանակում՝ հատկապես կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման բարձր հավակնության թիրախների ձևակերպման և ներառական համաժողով կազմակերպելու փորձի փոխանակման ուղղությամբ։
 
Խոսել ենք միջազգային տարբեր միջոցառումների շրջանակում Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենի հետ մեր քննարկումների արդյունքներից։
 
Անդրադարձել ենք նաև պլաստիկ աղտոտման դեմ պայքարին՝ ընդգծելով Նորվեգիայի առաջնորդող դերակատարությունը պլաստիկի կրճատման շուրջ բանակցություններում և Հայաստանի հանձնառությունը՝ Կառավարության ծրագրով սահմանված փուլային կրճատման ու արգելման քաղաքականության ներդրման ուղղությամբ։
 
Վստահ եմ, որ մեր սերտ և գործնական համագործակցությունը կշարունակի ամրապնդվել՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանության, կլիմայական և պլաստիկի ճգնաժամերի հասցեագրման, ինչպես նաև ներառական COP17 կազմակերպելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: