հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շողակաթ համայնքում 2018-21-ին ներդրումները կազմել են շուրջ 500 միլիոն դրամ. Սանոսյան

Շողակաթ համայնքում 2018-21-ին ներդրումները կազմել են շուրջ 500 միլիոն դրամ. Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մամուլի ասուլիսն անցկացվեց Շողակաթ համայնքի Շառլ Ազնավուրի անունը կրող նորակառույց այգի-պուրակում:

Խոսելով այստեղ ասուլիս անցկացնելու իմասըի մասին՝ նա ասաց. ՛՛Ինչու՞ ենք ասուլիսը նախատեսել անցկացնել Շողակաթ համայնքում, քանի որ այս համայնքում 2018-2021 թվականների ընթացքում պետության կողմից իրականացված եւ այս տարում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի թիվը հասնում է 44-ի, իսկ ներդրումները կազմում են շուրջ 500 միլիոն դրամ՛՛:

Սանոսյանի խոսքով՝ այս համայնքի մեջ մտնող 6 փոքր բնակավայրերում հնարավոր չէր լինի այսքան մեծածավալ ծրագրեր իրականացնել, եթե չլիներ համայնքների խոշորացման քաղաքականությունը:

՛՛Մինչդեռ այսօր համայնքի կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերում ՀՀ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվել են բազմաբնույթ սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրեր: Լուծվել են ենթակառուցվածքների զարգացման հետ կապված հիմնական խնդիրները։ Այո, հիմնախնդիրները բավականին շատ են ու տարիներով կուտակված, սակայն կարեւորն այն է, որ դրանց լուծմանը մենք հասնում ենք առաջանցիկ տեմպերով՛՛,-նշեց մարզպետը:

Նա նաև հավելեց, որ 2021 թվականին Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանն են ներկայացվել 136 կենսական նշանակության ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 7 միլիարդ դրամ: Այս ծրագրերից  ասֆալտապատում է նախատեսվում 36 համայնքում, մանկապարտեզի կառուցում՝ 8, խմելու  ջրագծերի կառուցում՝ 19, ոռոգման ցանցերի կառուցում՝ 13, մշակույթի տների կառուցում և հիմնանորոգում՝ 7 համայնքներում: Նախատեսվում են նաեւ այլ բնույթի ծրագրեր եւ 1 բազմաֆունկցիոնալ ապաստարանի կառուցում:

Խոսելով քաղաքաշինության ոլորտի մասին՝ մարզպետը նշեց, որ այս պահին ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի  միջոցների հաշվին կառուցվում են Գեղհովիտի, Շատջրեքի, Լեռնահովիտի եւ  Ջիլի  դպրոցական շենքերը եւ Մարտունու բժշկական կենտրոնի շենքը:

՛՛Մարզը  վերածվել  է ակտիվ շինհրապարակի։ Շուտով կյանքի կկոչվեն նաեւ սուբվենցիոն ծրագրերը, որոնց իրականացմամբ էական դրական տեղաշարժեր կարձանագրվեն մարդկանց կենցաղում, կնկատվի կյանքի որակի էական բարելավում ամենատարբեր ոլորտներում՛՛,-ասաց  Սանոսյանը:

  • Կիսվել: