ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՇՄՆ-ում հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնապահպանական խնդիրների լայն շրջանակի

ՇՄՆ-ում հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնապահպանական խնդիրների լայն շրջանակի

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում-քննարկում է անցկացրել շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում:

«Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և շեշտել, որ հանդիպման կարևոր նպատակներից մեկն էլ ոլորտի քաղաքականությամբ զբաղվող պետական գերատեսչության և հանրային սեկտորի ներկայացուցիչների միջև թվացյալ «տարանջատման» քննարկումն է։ Այս համատեքստում նախարարը նաև անդրադարձել է վերջին շրջանում բնապահպանական հանրության ներկայացուցիչների թիրախավորման դեպքերին և փաստել, որ նրանցից յուրաքանչյուրը կարևոր գործընկեր և խորհրդատու է գերատեսչության համար և, ինչն ամենակարևորն է՝ հանրային կարծիքը և տրամադրությունները փոխանցող խողովակ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բնապահպանական խնդիրների լայն շրջանակի՝ օրենսդրական կարգավորումներից մինչև արձանագրված խնդիրներ ու դրանց լուծումների առաջարկներ։

Նախարարը գործընկերներին է ներկայացրել իրենց հուզող հարցերի շրջանակում նախարարությունում մեկնարկած գործընթացները և հույս հայտնել, որ առաջիկայում դրանցից յուրաքանչյուրի մասով հանրային սեկտորի առավել առարկայական մասնակցություն կապահովվի։

Առանձնակի ուշադրության է արժանացել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախարարը խոստացել է նախագծի շուրջ հնարավորության դեպքում ևս մեկ քննարկում կազմակերպել հանրային սեկտորի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել է նախարարին կից հասարակական խորհրդի վերաձևավորման հարցը։ Առաջարկ է հնչել նաև գիտական խորհրդի ձևավորման, որը մասնագիտական աջակցություն կցուցաբերի նախարարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումների աջակցմանը»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: