չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՇՄՆ տեղակալը մասնակցել է Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին

ՇՄՆ տեղակալը մասնակցել է Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի գլխավորած աշխատանքային խումբը Կորեայի Հանրապետությունում (Ինչոն քաղաք) մասնակցել է Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին, որի նպատակն էր քննարկել և լուծումներ փնտրել, թե ինչպես բարձրացնել կլիմայական ներդրումների արդյունավետությունը համաշխարհային տնտեսական աճող ճնշումների և անորոշության պայմաններում:
Համաժողովին մասնակցել են փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ 60 երկրից՝ շուրջ 500 մասնակից։

Նախարարի տեղակալը մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների նախարարական փակ հանդիպմանը, որին մասնակցել են Հյուսիսային Մակեդոնիայի փոխվարչապետը, Ղրղզստանի բնական ռեսուրսների, շրջակա միջավայրի և տեխնիկական վերահսկողության նախարարը և Կանաչ կլիմայի հիմնադրամի գործադիր տնօրենը։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ընդգծել է Հայաստանում կլիմայական ներդրումների ներգրավվման համար խոչընդոտները, մասնավորապես անդրադառնալով Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհրդի կազմում Հայաստանի ներգրավվածությանը։

Գայանե Գաբրիելյանը խոսել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրերի նախապատրաստման հաստատության գործիքի կարևորության և անհրաժեշտության մասին (PPF), որից Հայաստանը դեռևս չի օգտվել, և առաջարկել է Հայաստանում կազմակերպել հիմնադրամի ծրագրերի նախապատրաստման հաստատության գործիքի վերաբերյալ տարածաշրջանային աշխատաժողով։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև տարածաշրջանում կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում հետագա համագործակցության խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայունության հաստատման համար։

Նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Կանաչ կլիմայի հիմնադրամի Ասիայի տարածաշրջանային անձնակազմի հետ, քննարկել է ներկայումս ընթացքի մեջ գտնվող հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերը և հայեցակարգային առաջարկությունները։ Որոշվել է վերանայել 2 հայեցակարգային փաստաթուղթ՝ անտառների ոլրտում և վաղ ազդարարման ոլորտում, նկատի ունենալով այն բոլոր առանձնահաստկությունները և կարիքները, ինչը արտացոլված չէ մշակված հայեցակարգում։

Գայանե Գաբրիելյանը հանդիպում է ունեցել նաև ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ներկայացուցչի հետ, քննարկվել է Հայաստանում ՄԱԿ ՇՄԾ գրասենյակ բացելու հնարավորությունը։

  • Կիսվել: