ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
ՇՄՆ-ն առաջարկում է առավել վերահսկելի դարձնել անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու գործընթացը

ՇՄՆ-ն առաջարկում է առավել վերահսկելի դարձնել անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու գործընթացը

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու գործընթացը։
 
Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` https://www.e-draft.am/projects/5360 «Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով:
 
Նախագծի մշակման գործընթացի իրականացումն անհետաձգելի և հրատապ դարձավ 2015 թվականին միջազգային մամուլում (Daily Mail) տպագրված Գյումրու մասնավոր կենդանաբանական այգում պահվող կենդանիների թշվառ վիճակին վերաբերող աղմկահարույց հոդվածի հրապարակումից հետո։
 
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետի պահանջից:
 
Սույն նախագծով նախատեսվում է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու գործընթացը լիազորված մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների հիման վրա իրականացնելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց մոտ պահվող վայրի կենդանիների հաշվառման, այդ տեղեկատվության ամենամյա թարմացման նպատակով և առհասարակ, այդ գործընթացներն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելը:
 

  • Կիսվել: