հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՇՄ նախարարը UN-Habitat-ի գործընկերներին հրավիրել է Հայաստան

ՇՄ նախարարը UN-Habitat-ի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ կայուն ու կանաչ քաղաքային և գյուղական զարգացման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Հայաստանի օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում կանաչ և շրջանաձև տնտեսության անցմանը նպաստող ռազմավարությունների մշակումը, ինչպես նաև էներգաարդյունավետության խթանումը։
 
Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է օգտվել UN-Habitat-ի մասնագիտական փորձից՝ «խելացի» քաղաքների և գյուղական բնակավայրերի զարգացման, ինչպես նաև շրջանաձև տնտեսության առաջմղման ոլորտներում։
 
Քննարկվեցին նաև ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի և UN-Habitat-ի միջև ընթացիկ համագործակցության կարևոր ուղղությունները՝ թվային քաղաքաշինական պլանավորման ծառայությունների հարթակի, Քաղաքաշինական կադաստրի և Ազգային գեոպորտալի ինտեգրման գործընթացները, ինչպես նաև մի շարք այլ ընթացիկ ու հեռանկարային համատեղ նախաձեռնություններ։
 
Որպես Կենսաբազմազանության COP17-ի հյուրընկալող երկիր՝ Հայաստանը մեծ հետաքրքրվածություն ունի ընդգրկելու այս կարևոր թեման բոլոր դիտակետերից՝ ներառյալ մարդկային բնակավայրերի կայուն համակեցությունն ու կենսաբազմազանության պահպանումը։
 
Նախարարը նշել է, որ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել կենսաբազմազանության ոլորտում՝ ընդունելով Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը (NBSAPs), և պատրաստակամ ենք UN-Habitat-ի հետ համագործակցել դրանց իրականացման շրջանակում, քանի որ դրանք ներառում են քաղաքների կանաչ անցման և կայուն զարգացմանն ուղղված թիրախներ։
Տեղեկացրել է նաև, որ COP17-ի շրջանակներում նախատեսում ենք անցկացնել Քաղաքների ֆորում՝ քաղաքապետերի և քաղաքային իշխանության շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որը կընթանա հիմնական համաժողովին զուգահեռ։
 
Նախարարը հանդիպման ավարտին հրավիրեց UN-Habitat-ի գործընկերներին Հայաստան:
 

  • Կիսվել: