ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՇՄ նախարարությունն անցել է էլեկտրոնային ձևաչափով սպասարկման

ՇՄ նախարարությունն անցել է էլեկտրոնային ձևաչափով սպասարկման

Շրջակա միջավայրի նախարարության 2025թ․ հիմնական նվաճումներից մեկը ծառայությունների թվայնացումն էր։ Այս մասին այսօր, ամփոփելով տարին, ասել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը:

Նա հավելել է, որ տրված 29 թույլտվություններից 24-ը տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, ինչը 12-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ 

Ըստ նախարարի՝ նորամուծության նպատակն է խնայել քաղաքացիների ժամանակը եւ կրճատել ավելորդ բյուրոկրատիան։ Իրականացված հիմնական քայլերի շարքում նա նշել է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ ջրօգտագործման թույլտվությունները տրամադրվել են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Իրական ջրօգտագործման գրանցման առցանց հարթակն այժմ գործում է 24/7 ռեժիմով, որին արդեն միացված են երկրի 3 200 ջրառի կետերից 1 463-ը։

Մաթեւոսյանը նաև նշել է, որ ստեղծվել է ջերմոցային գազերի արտանետումների էլեկտրոնային գույքագրման գրանցամատյան։ Բացի այդ, հունվարի 1-ի դրությամբ վայրի բնության սոցիալական նպատակներով օգտագործման դիմումներն ու պայմանագրերը ընդունվել եւ կնքվել են ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով։ Կնքվել է 4 243 սիրողական ձկնորսության եւ 196 որսորդության պայմանագիր։ Գործարկվել է օդային արտանետումների եւ վտանգավոր թափոնների թվային թույլտվությունների եւ հաշվարկային համակարգ, որն ապահովում է թափոնների առաջացումից մինչեւ վերջնական հեռացում լիարժեք վերահսկողություն։

 

 

  • Կիսվել: