կիրակի, փետրվար 5
5 / 2 / 2023
Շիրակի մարզում բախվել են Արթիկի համայնքապետարանի բաժիններից մեկի պետի Mercedes-ն ու Toyota-ն, վերջինս գլխիվայր շրջվել է․ վիրավոր երեխան տեղափոխվել է

Շիրակի մարզում բախվել են Արթիկի համայնքապետարանի բաժիններից մեկի պետի Mercedes-ն ու Toyota-ն, վերջինս գլխիվայր շրջվել է․ վիրավոր երեխան տեղափոխվել է

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Հոռոմ գյուղի 1-ին փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 41-ամյա Աշոտ Պասկևիչյանի վարած Mercedes մակնիշի և 45-ամյա Արման Հակոբյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 14-ամյա Լ. Հ-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, վաշտի հրամանատար Ալեքսանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի մասին պարեկային ծառայության Շիրակի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գարեգինյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Արթիկի և Անիիի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Պասկևիչյանը աշխատում է Արթիկի համայնքապետարանի բնապահպանության և գյուղատնտեսության բաժնի պետ։ Իսկ բախման հետևանքով Toyota-ն գլխիվայր շրջվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: