ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շիրակցիներին նոր հանդիպում խոստացան, Երևան-Գյումրի մայրուղին բացվեց

Շիրակցիներին նոր հանդիպում խոստացան, Երևան-Գյումրի մայրուղին բացվեց

Մի քանի ժամ Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը փակ պահելուց հետո Շիրակի մարզի բնակիչները երեկոյան բացեցին ճանապարհը` տրված խոստումների ու ոստիկանների հորդորներից հետո։

Ինչպես Շիրակի մարզից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, գյուղացիներին խոստացել են, որ վաղը կամ մյուս օրը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն անձամբ կայցելի Շիրակի մարզ:

Ինչպես արդեն հայտնել ենք, Շիրակի մարզի Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչներն այսօր ցերեկը կրկին փակել էին ավտոճանապարհը` պահանջելով լուծել իրենց ոռոգման ջրի խնդիրը ու փոխհատուցել կրած վնասը։

Հիշեցնենք, որ մարզի մի քանի գյուղերի բնակիչներ հունիսի 29-ին նույն պահանջով կրկին փակել էին ճանապարհը, որը բացվել էր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ հանդիպումից հետո. նրանք խոստացել էին խնդրին շուտափույթ լուծում տալ։

Հավելենք, որ խնդիրը կապված է Կառնուտի ջրամբարի սակավաջրության հետ: Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում այս տարի 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին։

  • Կիսվել: