չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Շղթայական ավտովթար Երևանում. «Mercedes»-ը Թբիլիսյան խճուղում բախվել է բենզատար բեռնատարին, ապա 5 կայանված «Nissan»-ներին

Շղթայական ավտովթար Երևանում. «Mercedes»-ը Թբիլիսյան խճուղում բախվել է բենզատար բեռնատարին, ապա 5 կայանված «Nissan»-ներին

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:25-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Litokol» ընկերության դիմաց բախվել են «Mercedes»-ը, «Nissan Tiida»-ն, «Nissan Bluebird»-ը, «Nissan Altima»-ն, «Nissan Tiida»-ն «Nissan X-Trail»-ը և բենզատար բեռնատարը:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, ով բախվել է նախ բենզատար բեռնատարին, ապա մյուս ավտոմեքենաներին: Բոլոր «Nissan»-ները եղել են կայանված:

  • Կիսվել: