կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Շեշտել ենք, որ այս հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ. քաղհասարակության ներկայացուցիչները Ադրբեջանում խոսել են գերիների մասին

Շեշտել ենք, որ այս հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ. քաղհասարակության ներկայացուցիչները Ադրբեջանում խոսել են գերիների մասին

Մենք խոսել ենք գերիների և պահվող անձանց մասին և ոչ մեկ անգամ, հերթական անգամ շեշտել ենք, որ այս հարցը չի տեղավորվում խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ: Այս մասին Ադրբեջանից վերադարձած հայ փորձագետների ասուլիսի ժամանակ ասել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակից Նաիրա Սուլթանյանը:

«Բարձրացրել ենք անհայտ կորածների խնդիրը, հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողովի
աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում: Շեշտել ենք, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, ու այս հարցերը պետք է լուծվեն, որպեսզի պրոցեսի առաջընթացը ավելի երաշխավորված լինի:

Շատ անկաշկանդ զրույց ենք ունեցել, մենք մեր խնդիրներն ենք բարձրացրել, իրենք՝ իրենցը: Գերիների և պահվող անձանց մասին հարցերը պատվիրակության անդամներից շատերը իրենց ելույթներում ներառել են:

Մենք բանակցող կողմեր չենք ու այդ տրամաբանությամբ չենք աշխատում, օրակարգը որոշում ենք մենք՝ առանց երկու կողմերի Կառավարությունների միջամտության: Քննարկում ենք հիմնականում մեզ մտահոգող հարցերը, խաղաղության գործընթացի ճանապարհին խոչընդոտները, և հնարավորությունները, որ չենք ուզում բաց թողնել»,- նշել է նա:

Անդրադառնալով քննարկումների արդյունքում գրանցած առաջընթացին՝ Սուլթանյանը նշում է, գաղտնիք չէ, երկու հասարակություններն էլ իրենց ընկալումներն ունեն այս հարցի շուրջ:
Իր խոսքով՝ մի կողմի համար սա վրեժխնդրության մասին է, մյուս կողմի համար հանցագործություն և պատիժ տրամաբանության մեջ է:

  • Կիսվել: