ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շատին և Հերմոն բնակավայրերում էլեկտրական հովիվների միջոցով կկանխվեն արջերի հարձակումները. ՇՄՆ

Շատին և Հերմոն բնակավայրերում էլեկտրական հովիվների միջոցով կկանխվեն արջերի հարձակումները. ՇՄՆ

Շատին և Հերմոն բնակավայրերում էլեկտրական հովիվներ և շարժական արևային կայաններ տեղադրվեցին. միջնաժամկետ լուծում արջերի կողմից տնային տնտեսությունների վրա հարձակումների խնդրին, հայտնում են ՇՄՆ-ից:

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր` տեղում ծանոթանալու մարզի Եղեգիս համայնքի Շատին և Հերմոն բնակավայրերում մարդ-արջ կոնֆլիկտի մեղմացման և հատուցման միջոցառումների ներկայացմանը:

Հիշեցնենք, որ նախարարը հուլիս ամսին այցելել էր վերոնշյալ բնակավայրեր, ծանոթացել արջերի հարձակումների արդյունքում բնակիչների կրած վնասներին և խոստացել հիմնավոր լուծումներին զուգահեռ, կարճ ժամանակում խնդրին միջնաժամկետ լուծում տալ:

Այսօր արդեն Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից արջերի կողմից առավեկ հաճախ հսրձակումների ենթարկված տնային տնտեսություններին տրամադրվել են էլեկտրական հովիվներ, որոնք օգնում են կանխել վայրի կենդանու մուտքը այգիներ և բնակելի տարածքներ:

Վայոց ձորի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ նախարարը գործընկերներին է ներկայացրել խնդրի լուծման շրջակա միջավայրի նախարարության տեսլականը, այս ընթացքում իրականացված քայլերը և հույս հայտնել, որ մարզպետարանի և միջազգային գործընկերների գործուն աջակցությամբ խնդիրը վերջնական լուծում կստանա:

Ելույթներով հանդես են եկել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը:

Վերջիններս իրենց խոսքում կարևորել են կառավարություն-միջազգային կազմակերպություններ սերտ կապը և այնպիսի լուծումների առաջադրումը, որոնք իրենց մեջ կհամադրեն բնապահպանական և սոցիալական շահերը։

Հանդիպման ընթացքում եռակողմ հուշագիր ստորագրվեց Վայոց ձորի Եղեգիս համայնքի, WWF-Հայաստանի և «Եղեգ» համայնքային սոցիալկան-բնապահպանական հասարակական կազմակերպության միջև, որով սկիզբ կդրվի համայնքի «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը համայանքի 2 բնակավայրերում` Շատինում և Հերմոնում:

Վայոց ձորի Եղեգիս համայնքի, WWF-Հայաստանի և «Արփի Սոլար» ՍՊԸ-ի մջև կնքված մեկ այլ հուշագրով էլ համայնքին փոխանցվեցին 40 կիլովատանոց արևային կայան, որի շահագործումից գոյացած խնայողությունները կօգտագործվեն արջերի կողմից քաղաքացիներին հասցված գույքային վնասի հատուցմանը, 5 հատ 2 կիլովատանոց շարժական արևային կայաններ, որոնք ըստ անհրաժեշտության կօգտագործվեն համայնքում և հեռագնա արոտներում, ինչպես նաև, 6 հատ էլեկտրական հովիվներ (3-ը` հագեցված արևային համակարգերով), որոնք կօգնեն համայնքի բնակիչներին պաշտպանել մեղվափեթակները և այգիները արջերի հարձակումից:

Աշխատանքային այցի երկրորդ հատվածում նախարարը, մարզպետի, Անտառային կեմիտեի նախագահի, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալի, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրենի և ներկա գործընկերների հետ այցելել է տնային տնտեսություններ, որոնց տրամադրվել են էլեկտրական հովիվները։ Համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել և տեղեկացրել, որ պաշտպանիչ միջոցների տեղադրումից հետո արդեն տևական ժամանակ է արջերը չեն մոտենում իրենց տնտեսություններին։

Նախարարը տեղեկացրել է, որ սրանով խնդրի լուծումը չի համարվում վերջնական տրված․ աշխատանքները շարունակվում են։

  • Կիսվել: