շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շատերը շտապեցին ինձ մեղադրել, սակայն ինձ համար կարևորը երկրում իրավիճակ փոխելն է․ Սանասարյան

Շատերը շտապեցին ինձ մեղադրել, սակայն ինձ համար կարևորը երկրում իրավիճակ փոխելն է․ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հուլիսի 24-ին արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին բարձրացրել եմ 44-օրյա պատերազմի հետ կապված հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը:

Մասնակիցների քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ հարցն ընդուվեց որպես խորհրդակցական բնույթի առաջարկ:

Այսօր տեղեկացա, որ ՔՊ-ն որոշել է խորհրդարանում ստեղծել վերոնշյալ հանձնաժողովը: Եթե մեր առաջարկած «խորհրդարանական խմբակցություններ + արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ» ֆորմատով ձևավորվի փաստահավաք խումբը, ապա պատրաստ ենք, ոչինչ չխնայելով, այդ կարևոր գործընթացի մասնակիցը դառնալ:

Ասեմ, որ, օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի մանրամասնորեն հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի ժամանակ, ովքեր պետք է պատասխանատվություն կրեն և ինչ դասեր պետք է քաղվեն:

Շատերը շտապեցին ինձ մեղադրել այդ ֆորմատում համագործակցության համար, սակայն ինձ համար կարևորը երկրում իրավիճակ փոխելն է:

Հ.Գ. Տեղեկացնեմ, որ առաջիկա հանդիպումներին բարձրացնելու եմ բոլոր այն խնդիրներն ու դրանց լուծումները, որոնց մասին խոսել եմ քարոզարշավի ժամանակ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին:

  • Կիսվել: