հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Շատ հետաքրքիր նվերներ կան». պաշտոնյաների քանի նվեր է ենթարկվել հայտարարագրման

«Շատ հետաքրքիր նվերներ կան». պաշտոնյաների քանի նվեր է ենթարկվել հայտարարագրման

Կոռուպցիայի կանխարգելումը ավելի ծանր գործընթաց է, որը երկարաժամկետ է արդյունքները երևալու, մենք կարծում ենք բավականին շատ ծրագրեր ենք իրականացնել, բավականին շատ ծրագրեր էլ ունենք, որոնց արդյունքները առաջիկայում կտեսնենք ու տեսանելի կլինեն։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին Մարիամ Գալստյանը։

«Տարբեր ոլորտներում ենք դա իրականացնում տարբեր ճյուղերով, հիմնականում վարքագծի փոփոխությանն է միտված մեր աշխատանքը, մենք փորձում ենք հանրային պաշտոն զբաղեցնող անձանց մտածելակերպն ու վարքագիծը փոխել, մյուս կողմից արդեն ավելի թեթև, բայց պատժողական քաղաքականության միջոցով նաև փորձում ենք կախարգել կոռուպցիան՝ հայտարարագրերի վերլուծության, բարեվարքության համակարգի անհամատեղելիության պահանջներ, շահերի բախում, վարքագծի կանոններ, թե ինչպես են արտահայտվում, հանրության հետ շփվում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք։

Մյուս կողմից մենք հիմա արդարադատության նախարարության գործընկերների միջոցով կոռուպցիոն ռիսկերի գնահատման իրավասությունը հանձնաժողովին վերապահելու նախագիծ ունենք, որի միջոցով արդեն կկարողանանք ինստիտուցիոնալ տեսանկյունից հասկանալ որտեղ են կոռուպցիոն ռիսկերը ու արդեն հենց այդ մակարդակում կանխարգելել»,–ասաց նա։

Գալստյանի խոսքով, իրենք փորձում են այնպես վերլուծությունը իրականացնել, որ ցանկացած գույքային շարժ տեսանելի լինի. «Մենք միջինացված հաշվարկ ենք կատարում, եթե տեսնում ենք, որ անձի ընդհանուր տարեկան հայտարարագրման ոչ ենթակա ծախսը ավելի փոքր է, նշանակում է սպառողական զամբյուղի տեսանկյունից առնվազն խնդիրներ ունենք, ինչը նշանակում է, որ կան եկամուտներ, որոնք հայտարարագրված չեն, ու արդեն այդ տեսանկյունից ենք փորձում հասկանալ ինչ խնդիրներ կարող են լինել»։

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ այս տարի չներկայացված հայտարարգրերի թվի աննախադեպ նվազում է գրանցվել. «Ընդամենը երկու դեպք ունեինք, հիմա պարզվեց, որ մեկը մահացել է հայտարարատուներից, մեկ անձ է ընդամենը մնացել, որ չի ներկայացրել տարեկան հայտարարագիրը, ինչը շատ լավ ցուցիչ է: Մյուս տարիներին ունեցել ենք, օրինակ, 30%, 40%։

Ինչ վերաբերում է խախտումներին, այս տարի վարքագծի մշտադիտարկումը իրականացրել ենք գործադիրում բարձր պաշտոն զբաղեցնող անձանց շրջանակներում, այս պահին դեռևս արդյունքները ամփոփված չեն, բայց հիմնականում շատ ավելի լավ վիճակ է, քան նույն Ազգային ժողովի պարագայում ու այլ համայնքների պարագայում։ Համայնքներում հիմնականում ավելի շատ են խնդիրները»։

Մարիամ գալստյանը նշեց, որ այս տարի բարեվարքության տեսանկյունից, որ ներառում է վարքագծի կանոններ, անհամատեղելիություն, շահեր և նվերներ, ընդհանուր 200 ուսումնասիրություն են արել, այդ 200-ի շրջանակներում երևի 10%-ի դեպքում են խախտում արձանագրել։

«Նվերների տեսանկյունից շատ կարևոր է հասկանալ ինչի համար են այդ նվերները։ Պաշտոնեական պարտավորությունների հետ կապված առհասարակ չի թույլատրվում նվերներ ընդունել, այս նվերները վերաբերում էին թույլատրելի նվերներին, օրինակ արարողակարգային, միջազգային միջոցառումների ժամանակ, երբ որ ստանում են հուշանվերներ և այլն։ Այդ ինստիտուտը ընդհանուր կարևոր է թափանցիկության ու հաշվետվողականության տեսանկյունից։ Այս պահին մենք ունենք 240-ի կարգի նվեր հայտարարագրած։ Մեր կայքում պաշտոնատար անձանց կողմից ստացված բոլոր նվերները հրապարակային ներկայացված են։ 40 հազարը գերազանցող նվերը պիտի հայտարարագրվի, 60 հազարը գերազանցողը արդեն պետք է վերադարձնի պետությանը»,–ասաց նա։

Հարցին՝ այդ նվերների մեջ կա՞ն թանկարժեք կամ հետաքրքիր նվերներ, ԿԿՀ նախագահը պատասխանեց. «Շատ հետաքրքիր նվերներ կան, բազմաթիվ նկարներից սկսած։ Հիմնականում ասիական մշակույթի մասով բավականին հետաքրքիր նվերներ կան, դուք կարող եք մտնել նայել, դուք էլ երևի կզարմանաք։

Մենք մշտադիտարկում ենք կատարում, մենք կարողանում ենք վերահսկել գործողումների ընթացքում կամ ինչ-որ միջոցառումների ժամանակ ստացված նվերները։ Հատուկ գրում ենք, խնդրում ենք, տեսնում ենք, որ նույնիսկ եղել են գրություններ, որ մենք ասել ենք դուք միջոցառում եք անցկացրել, մենք տեսել ենք, որ անցկացրել եք, բայց նվերներ չեք հայտարարագրել, դրանից հետո նվերների քանակը 40-ով, 50-ով ավելացել է»։

  • Կիսվել: