շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շարունակվում է «ԱրմՌոբոտիքս» մրցույթի հայտերի ընդունումը

Շարունակվում է «ԱրմՌոբոտիքս» մրցույթի հայտերի ընդունումը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը այս տարի ևս՝ 14-րդ անգամ, կազմակերպում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության առաջնությունը։

Այս տարի այն առանձնանում է նրանով, որ առաջին անգամ մրցութային փուլին կկարողանան մասնակցել նաև մասնագիտացված ու սիրողական խմբեր։

Մրցույթի նպատակն է խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինությունը, ծրագրավորումը, էլեկտրոնիկան և դիզայնը, մեծացնել ճարտարագիտական մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ռոբոտաշինության ոլորտը, ինչպես նաև զարգացնել նորարարական մտածելակերպը։

Այն նաև ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու հարթակ է։ Մրցույթի բովանդակությունը վերաբերում է ագրոտեխնոլոգիական լուծումներով խելացի ագարակին։

Մրցութային դաշտը փոքր ագրոտեխնոլոգիական ագարակ է, որտեղ առկա են պայմանական այգիներ, բույսեր, ֆերմաներ, կենդանիներ և հողատարածքներ։

Թիմերի ստեղծած ռոբոտները պետք է լուծեն ագարակի ագրոխնդիրները՝ օգտագործելով նախապես ծրագրավորած ավտոմատ լուծումներ և տեսախցիկով պատկերների ճանաչում։

Ամբողջական կանոնակարգին ծանոթանալու համար կարող եք անցնել այստեղ։ «ԱրմՌոբոտիքս» մրցույթն իրականացվելու է նախնական և եզրափակիչ փուլերով։

Թիմերը բաժանվելու են երեք խմբի՝ կրտսեր դպրոցական (10-13 տ․), ավագ դպրոցական (14-17 տ․), սկսնակ և մասնագիտացած ընկերություններ։

Հայտերը բաց են մինչև հոկտեմբերի 10-ը։ Գրանցման համար պետք է լրացնել հետևյալ հայտադիմումը։

  • Կիսվել: