երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սևանի կենտրոնական գրադարանում հանդիպում է կազմակերպվել Արցախյան գոյամարտերի մասնակիցների և պատանի երկրապահների հետ

Սևանի կենտրոնական գրադարանում հանդիպում է կազմակերպվել Արցախյան գոյամարտերի մասնակիցների և պատանի երկրապահների հետ

Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի  առիթով Սեւանի կենտրոնական գրադարանում  տեղի է ունեցել  հանդիպում 2016 թվականի ապրիլյան եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակիցներ Արման Գրիգորյանի, Զոհրաբ Խաչատրյանի, Արման Սիմոնյանի, Մեսրոպ Գրիգորյանի, Արման Եսայանի, Սարգիս Ստեփանյանի, Գեւորգ Բարսեղյանի, ինչպես նաեւ՝ պատանի երկրապահների հետ։

Ինչպես տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիպումն անցել է  ջերմ ու տրամադրող մթնոլորտում, պատերազմների ճանապարհներով անցած մարտիկները ներկայացրել են  դրվագներ Արցախյան գոյամարտերից, խոսել  իրենց ընկերների մասին, կիսվել  հույզերով ու խոհերով, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:

«Նման հանդիպումը եւս մեկ առիթ էր՝ հիշելու բոլոր ժամանակների հերոսներին, խոնարհվելու նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով մեզ պատգամել են` սիրել հայրենիքը, պաշտպանել ու հզորացնել այն»,-նշեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Կենտրոնական գրադարանում այս օրերին գործում է «Արցախյան գոյամարտ» խորագրով ցուցահանդես, իսկ ամբողջ տարվա ընթացքում գործելու եւ  թարմացվելու է «2020. կյանքի ու մահվան սահմանագծում» ցուցահանդեսը:

Հունվարի 28-ին Սեւանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի աշխատակիցները, վարչական ղեկավարները, համայնքի կրթամշակութային հաստատությունների տնօրենները, պաշտոնական այլ անձինք այցելել են Հայոց բանակի նվիրյալների` մեր անմահ հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրներ, արցախյան հերոսամարտերի հերոսների շիրմատներ, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել նրանց շիրիմներին եւ հարգանքի տուրք մատուցել նրանց սուրբ հիշատակին:

  • Կիսվել: