երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սեպտեմբերյան ագրեսիան ցավոտ էր Սյունիքի համար, բայց շատ դասեր քաղեցինք․ Ռոբերտ Ղուկասյան

Սեպտեմբերյան ագրեսիան ցավոտ էր Սյունիքի համար, բայց շատ դասեր քաղեցինք․ Ռոբերտ Ղուկասյան

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով սահմանային Ներքին Հանդ գյուղում ստեղծված իրավիճակին շեշտել է, որ գյուղում կյանքը չի կարող  նախկինի նման բնականոն լինել, բայց մարդիկ շարունակում են ապրել այնտեղ։

Մարզպետ խոսքով հաճախ է լինում այդ տարածաշրջանում, երեք օր առաջ էլ հանդիպել բնակիչների հետ, խոսել են տնտեսական զարգացման ծրագրերից․ «Բոլորը պիտի ապրեն իրենց բնակավայրերում, հատկապես սահմանամերձ գուղերում։ Ներքին Հանդը պիտի լինի հայկական գյուղ եւ պիտի զարգանա որպես հայկական գյուղ»,-ասել է մարզպետը։

Մարզպետ խոսքով առաջիկայում հաստատվելիք 23 գյուղատնտեսական ծրագրերը կօգնեն ներքին հանդեցիներին զբաղվել տնտեսության զարգացմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո չեղարկվել են հումանիտար որոշ ծրագրեր։  Ըստ մարզպետի հումանիտար ծրագրերը վերաբերում էին մարզից դուրս տեղահանված բնսկիչներին․ «Ներքին Հանդի բնակչությունը տեղափոխվել էր հարակից գյուղեր, Տեղ համայնքի բնակավայրերից՝ Գորիս, ու չեմ կարծում, որ պետք էր Երեւան տեղափոխված ընտանիքին աջակցել»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը։

Ինչ վերաբերում է Ներքին Հանդի դպրոցին, ապա աշակերտները այս պահին նրանք սովորում են հարեւան Ծավի դպրոցում։

Սեպտեմբերյան ագրեսիան, մարզպետի բնորոշմամբ՝ ցավոտ էր Սյունիքի համար՝ «Մարդկային կորուստներ, սահմանին՝ գիտեք, դիրքային-տարածքային զիջումներ, բայց այդ պատերազմում մարզի բնակչությունը ապացուցեց, որ Սյունիքը կայուն է մնալու եւ զարգանալու է։ Նաեւ խորհելու տեղիք տվեց, շատ դասեր քաղեցինք սեպտեմբերյան ագրեսիայից։ Սյունիքը իր պատմության ընթացքում տեսել է նման փուլեր,պետք է բոլորս ուղղենք մեր ջանքերը, որ Սյունիքը կայուն լինի ու եթե կարիքը լինի՝ միասնական կպայքարենք»,-ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

  • Կիսվել: