Սեպտեմբերը երեխայի համար պարզապես արձակուրդի ավարտ չէ. այն հոգեբանական ադապտացիայի պատասխանատու շրջան է և նշանակալի սոցիալական փորձ
Ամառային երեքամսյա արձակուրդից հետո սեպտեմբերը երեխայի համար պարզապես արձակուրդի ավարտ չէ. այն հոգեբանական ադապտացիայի պատասխանատու շրջան է և նշանակալի սոցիալական փորձ:
Երեխան կրկին պետք է սովորի մի քանի ժամ անցկացնել առանց ծնողների անմիջական ներկայության, վերագտնել իր տեղը հասակակիցների միջավայրում, հետևել դպրոցական ու միջանձնային հաղորդակցման կանոններին, հաղթահարել ընթացիկ փոքր անհաջողությունները, անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել և աստիճանաբար դառնալ ավելի ինքնուրույն:
Առողջապահության նախարարությունից նշում են, որ ուսումնական տարվա առաջին շաբաթներին նկատվող դժկամությունը, առավոտյան որովայնացավը, տրամադրության անկումը կամ երբեմն նաև լացը միշտ չէ, որ առողջական խնդիրների մասին են վկայում. հաճախ դրանք հոգեբանական ադապտացիոն փուլին բնորոշ բնական դրսևորումներ են:
Անգամ լիովին առողջ երեխան կարող է հարմարվողական դժվարություններ ունենալ: Հոգեբանական ադապտացիան դժվարությունների իսպառ բացակայությունը չէ, այլ սթրեսային իրավիճակից հետո ներքին հավասարակշռությունը վերագտնելու կարողությունը:
Երեխաների մեծ մասը բավականին արագ է հարմարվում ռեժիմային փոփոխություններին: Սակայն, եթե շաբաթներն անցնում են, իսկ տագնապն ու վախերը չեն նվազում, պահպանվում են արտահայտված լացը, դողը, կրկնվող որովայնացավը, սրտխառնոցը կամ այլ նյարդասոմատիկ ախտանիշները, անհրաժեշտ է նախ բացառել մարմնական (ֆիզիկական) պատճառները, ապա մասնագետի օգնությամբ հասկանալ, թե հատկապես ինչն է երեխայի համար նման խոր հուզական լարվածություն առաջացնում:
«Այս շրջանում եղե՛ք համբերատար և ուշադիր: Երեխային պետք չէ մեղադրել «կամակորության» համար. փոխարենը լսե՛ք նրա մտահոգությունները, աջակցե՛ք ռեժիմին աստիճանաբար վերադառնալուն և հիշե՛ք, որ ձեր հանգստությունն ու ջերմությունը երեխայի հոգեկան հավասարակշռության լավագույն երաշխիքն են»,- նշում են նախարարությունից։



