երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սեփական նախաձեռնությամբ եմ հրաժարական տվել, տեղափոխվելու եմ մասնագիտական ոլորտ. Նազելի Բաղդասարյան

Սեփական նախաձեռնությամբ եմ հրաժարական տվել, տեղափոխվելու եմ մասնագիտական ոլորտ. Նազելի Բաղդասարյան

Պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր պետական պաշտոն ունի սկիզբ և ավարտ: Սեփական նախաձեռնությամբ եմ հրաժարական տվել և տեղափոխվելու եմ մասնագիտական ոլորտ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուն՝ ասաց Նազելի Բաղդասարյանը:

«Երեք տարի եղել եմ օրենսդիր մարմնում, մեկ տարի՝ գործադիրում: Այս ամենն ինձ բազմաթիվ հմտություններ և նոր հնարավորություններ է տվել: Կարծում եմ, որ հետայսու իմ գիտելիքները և հմտությունները կծառայեցնեմ այլ բնագավառում՝ ի նպաստ Հայաստանի»,- ասաց Բաղդասարյանը:

Լրագրողի այն հարցին, թե որտեղ է շարունակելու իր գործունեությունը, Բաղդասարյանը պատասխանեց. «Կածում եմ շատ սեղմ և մոտ ապագայում ավելի պաշտոնապես կտեղեկացնեմ, այս պահին դեռևս քննարկումների մեջ եմ»:

Անդրադառնալով Մուշեղ Մուրադյանի Շիրակի նոր մարզպետ նշանակվելու լուրին՝ Նազելի Բաղդասարյանն ասաց. «Որոշումը կայացվել է Կառավարությունում, քննարկվել է վարչությունում, պարոն Մուրադյանն աշխատանքային փորձ ունի Շիրակի մարզպետարանում՝ աուդիտի բաժնում է աշխատել: Ցանկացած պարագայում մարդուն միշտ պետք է հնարավորություն տալ իր հմտությունները ծառայեցնելու»:

  • Կիսվել: