շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՍԴ-ի «վահեգրիգորյանացումից», դատական համակարգի «գագիկջհանգիրյանացումից» հետո հաջորդ թիրախը լինելու էին լրատվամիջոցները․ Աղվան Վարդանյան

ՍԴ-ի «վահեգրիգորյանացումից», դատական համակարգի «գագիկջհանգիրյանացումից» հետո հաջորդ թիրախը լինելու էին լրատվամիջոցները․ Աղվան Վարդանյան

«Հանրահայտ իրողություն է, աքսիոմա․ երբ թույլ, վախկոտ մարդը իշխանություն է ստանում, տիրապետում է ուժային լծակների, դառնում է հասարակության համար վտանգավոր», - «Դեպի բռնապետություն․ հետընթաց իրավունքներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«ՍԴ-ի «վահեգրիգորյանացումից», դատական համակարգի «գագիկջհանգիրյանացումից» հետո հաջորդ թիրախը լինելու էին լրատվամիջոցները, մամուլի և խոսքի ազատությունը», - հավելեց նա։

Աղվան Վարդանյանը մամուլի ազատության դեմ իշխանության գործադրած ճնշումների երկու ուղղություն մատնանշեց՝ արգելել որոշ թեմաներով հրապարակումները, նվազեցնել լրատվամիջոցների եկամուտները։ Ընդհանուր այս պատկերում քիչ դեր չեն խաղացել նաև վիրավորանքի քրեականացումը, իշխանության ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ ու պատվերով՝ սոցցանցերում ու այլ հարթակներում մամուլի դեմ արշավները։
 

Պատգամավորն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ քաղաքացիական հասարակությունը՝ ՀԿ-ները, որոնք տարիներ շարունակ խոսքի ազատության պաշտպանության անվան տակ ստացել են միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ, այսօր լուռ են ։ Միջազգային կառույցներն ու կազմակերպությունները ևս անարձագանք են։

«Սա է մեր իրականությունը, և այս իշխանությունը, միակ խնդիր ունենալով՝ երկարաձգել իր գոյությունը, շարունակելու է այս ճնշումները խոսքի ազատության ու մամուլի դեմ։ Մե՛նք պիտի մտածենք մեր հակաքայլերի մասին», - ասաց Վարդանյանը։

Նա ներկայացրեց այս ուղղությամբ ընդդիմության ձեռնարկած քայլերից մեկը։ 

««Հայաստան դաշինքն օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ՝ վիրավորանքի քրեականացման մասին օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին՝ հիմնավորումներով, որ այս օրենքը հակասահմանադրական է և հակասում է «Մարդու իրավունքների և ազատություների կոնվենցիային»», - ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։

  • Կիսվել: