Սարսափով ենք արձանագրում, որ ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող շատ քաղաքացիներ իրենց նպաստները ծախսում են խաղադրույքների վրա․ Նիկոլ Փաշինյան
Խաղադրույք կատարելը Հայաստանում վեր էր ածվել տնտեսության առաջատար ճյուղի, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ասաց՝ ուրախ է, որ հետևողական քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ:
«Բայց մենք չպետք է կանգնենք գովազդներն արգելելու վրա, իհարկե, կառավարությունն աշխատում է շահումով խաղերի հարկման առավել արդյունավետ համակարգեր ստեղծելու վրա», - նշեց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ սարսափով են արձանագրում, որ ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող շատ քաղաքացիներ իրենց նպաստները ծախսում են խաղադրույքների վրա:
«Մենք պետք է գործուն քայլեր իրականացնենք սրան վերջ տալու համար, որովհետև եթե քաղաքացին կարող է իր նպաստի 90 տոկոսը վատնել խաղադրույքների վրա, հարց՝ ինչո՞ւ է կառավարությունը նրանց վճարում», - ընդգծեց Փաշինյանը:
Նա ասաց, թե թույլ կտան խաղադրույքներ իրականացնել միայն բանկային քարտերից ու հաշիվներից, ինչը նշանակում է ցանկացած խաղադրույք կատարող մարդու նույնականացնել:
Անդրադառնալով ՀՀ պետական բյուջեին՝ Փաշինյանն ասաց, թե շատ է ուզում, որ Հայաստանում հարկեր վճարելու ու պետական բյուջեի նկատմամբ վերաբերմունքն էական ու խորքային փոփոխություններ կրի:
«Մարդն ունի եկամուտներ, պայմանական ասած՝ գրպան, եթե ՀՀ քաղաքացիներն իրենց դրամը պահում են աջ գրպանում, պետք է ՀՀ պետական բյուջեն համարեն իրենց սեփական ձախ գրպանը», - ընդգծեց վարչապետը:


