հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սարալանջում 600 ծառ կտնկվի. մեկնարկել է տարածքի կանաչապատումը

Սարալանջում 600 ծառ կտնկվի. մեկնարկել է տարածքի կանաչապատումը

Սարալանջի կանաչապատման երկար սպասված նախագիծը թևակոխում է բուն՝ ծառատունկի փուլ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերով Սարալանջում տնկվել են առաջին 140 ծառերը: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկվի, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
 

«Առանձնացրել ենք մի հատված՝ շուրջ 2500-3000 քմ, որտեղ կտնկվի բարդի, վայրի ծիրանենի, փշատենի, այսինքն՝ այնպիսի ծառատեսակներ, որոնք առավել հարմարվող են լանջային պայմաններում: Ընդհանուր առմամբ գարնանն այստեղ մոտ 600 ծառ կտնկենք: Ինչո՞ւ չենք ընդգրկում ամբողջ տարածքը, որովհետև տեղի կանաչապատումը նույնիսկ խորհրդային շրջանում տևել է մոտավորապես 40 տարի, այսինքն՝ մեկ գարնան ընթացքում միանգամից կանաչապատելը գործնականում անհնարին է, որովհետև այստեղ ինժեներական և մի շարք այլ նախապատրաստական աշխատանքների կարիք կա»,- նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Ավարտվել են նաև Հրազդանի կիրճի՝ Սբ. Սարգիս եկեղեցու հարակից լանջի մաքրման աշխատանքները, կատարվել է սանիտարական էտ: Առաջիկայում այստեղ ևս կկազմակերպվի ծառատունկ:

  • Կիսվել: