ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սարալանջի ճանապարհին ավտոբուսների համար առաջին առանձնացված գիծն արդեն շահագործվում է

Սարալանջի ճանապարհին ավտոբուսների համար առաջին առանձնացված գիծն արդեն շահագործվում է

Սարալանջի ճանապարհին ավտոբուսների համար առաջին առանձնացված գիծն արդեն շահագործվում է: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ ավտոբուսների համար երթևեկության առանձին գծեր կլինեն նաև Գայի պողոտայում և Գարեգին Նժդեհի փողոցում:

Վարչական շրջաններում կատարվում է փողոցների շուրջ 23 կմ 740 մ հատվածի միջին նորոգում: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով աշխատանքների որակին, շեշտել է տեխնիկական հսկողության նշանակությունն ու ընդգծել, որ այն պետք է ձևական չլինի:

«Կատարված աշխատանքների վերաբերյալ բազմիցս եղել են բողոքներ, որ բավարար որակով չի իրականացվում: Այստեղ մենք ունենք տեխնիկական հսկողության կառույցը, որը պետք է սկսի իրապես աշխատել: Պետք է հասկանանք, թե քանի տեխհսկող է պատժվել իր գործը չանելու համար: Նաև գուցե ուսումնասիրենք կառավարության փորձը՝ աշխատանքների տեխնիկական հսկողության լոտերը մեծացնելու առումով և, համապատասխանաբար, ավելի խոշոր խաղացողներին մասնակցելու հնարավորություն տանք: Տեխնիկական հսկողությունը պետք է չկրի ձևական բնույթ: Եթե այդպես է՝ ավելի լավ է չունենանք: Պետք է գտնել բովանդակային ձևը, որպեսզի տեխհսկողությունը դառնա իրական գործիք, և խստորեն հետևենք որակին» ,-ընդգծել է փոխքաղաքապետը:

  • Կիսվել: