Սա շատ մռայլ օր է ԵՄ-ում մարդու իրավունքների համար. Amnesty International
Amnesty International իրավապաշտպան կազմակերպութունը համարում է, որ Եվրոպական խորհրդարանը հարված է հասցրել ապաստանի իրավունքին՝ հաստատելով «անվտանգ երկրի» կանոնները։
Արձագանքելով Եվրոպական խորհրդարանի կողմից փախստականների պաշտպանության հիմքերը խաթարող ԵՄ ապաստանի կանոնների փոփոխությունները վավերացնելու քվեարկությանը՝ Amnesty International-ի ԵՄ միգրացիայի և ապաստանի խոսնակ Օլիվիա Սանդբերգ Դիսը նշել է.
«Սա շատ մռայլ օր է Եվրոպական Միությունում մարդու իրավունքների համար։ Ապաստանի իրավունքի վրա այս հարձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դեռևս շարունակվում են լայն շրջանակի պատժիչ արտաքսման միջոցառումների վերաբերյալ քննարկումները։ Այս քվեարկությամբ Եվրոպական խորհրդարանը հանձնվում է տասնամյակներ շարունակ մարդու իրավունքները քանդելու արշավին՝ սկսած ապաստան փնտրողների, փախստականների և միգրանտների իրավունքներից։ Այս մտահոգիչ քաղաքականության փոփոխությունը հարվածում է ԵՄ հիմնադիր սկզբունքների հենց էությանը»։
Նա ընդգծել է՝ քվեարկությունը նշանակում է, որ ԵՄ-ում ապաստան փնտրող մարդկանց դիմումները կարող են մերժվել առանց էական գնահատման, մարդիկ կարող են ուղարկվել այն երկրներ, որոնց հետ նրանք կապ չունեն և որտեղ երբեք չեն այցելել։
«Այս միջոցառումները ներկայացնում են ԵՄ-ի կողմից փախստականներին պաշտպանելու իր պարտավորություններից նահանջ», - ասել է նա։
Փետրվարի 10-ին Եվրոպական խորհրդարանը քվեարկեց ԵՄ ապաստանի ընթացակարգերի կանոնակարգում (APR) «անվտանգ երրորդ երկիր» հասկացությունը փոփոխող և «անվտանգ ծագման երկրների» համաեվրոպական ցանկ սահմանող կանոնակարգերի օգտին: Այս կանոնակարգերը կհեշտացնեն անդամ պետությունների համար «անվտանգ երրորդ երկիր» հասկացության կիրառումը՝ ապաստանի դիմումները անընդունելի ճանաչելու համար առանց էական քննության, ինչպես նաև պաշտպանություն փնտրող անձանց հարկադիր տեղափոխելու այն երկրներ, որոնց հետ նրանք կապեր չունեն կամ որոնց միջով պարզապես անցել են։
Միջազգային կազմակերպությունը նշում է, որ անվտանգ ծագման երկրների ցանկում են Բանգլադեշը, Կոլումբիան, Եգիպտոսը, Կոսովոն, Հնդկաստանը, Մարոկկոն և Թունիսը, ինչպես նաև ԵՄ թեկնածու երկրները (բացառություններով): Ենթադրվում է, որ այդ երկրների քաղաքացիները պաշտպանության կարիք չունեն, և նրանց դիմումները կմշակվեն արագացված ընթացակարգով, ինչը խաթարում է նրանց պահանջները գնահատելու անհատական մոտեցումը:


