շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սա Բուրջ Համուդը չէ. վեճ՝ Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ

Սա Բուրջ Համուդը չէ. վեճ՝ Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Երևանի ավագանու նիստում միջադեպ է գրանցվել:

Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագրի քննարկման ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտարարեց, թե իրենքիրենց սկզբունքներից չեն հրաժարվելու:

Նա ասաց. ՛՛Մենք կարողացանք կասեցնել Կոնդի ծրագիրը եւ ամբողջությամբ վերանայել եւ եկանք եզրահանգման, որ բաց մրցույթ պետք կազմակերպել։ Կոնդում դա կարողացանք, Ֆիրդուսում՝ ոչ՛՛:

Սիսեռյանը նաեւ հավելեց, որ Ֆիրդուսում սեփականությունն անցել է տարբեր ներդրողների։ ՛՛Անշարժ գույքն այնտեղ արժի 70 միլիոն դոլար։ Շարունակելու ենք բանակցել, եւ ամեն մի հարցի շուրջ, Ֆիրդուսի եւ մյուս թաղամասերի թեմաներով, մենք պատրաստ ենք քննարկել։ Ֆիրդուսի հետ կապված ուզում եմ ասել, որ բավականին մեծ տարածք արդեն քանդվել է։ Ես մեծացել եմ Բուրջ Համուդ թաղամասում, բայց շատ վատ վիճակում է։ Եկեք ֆիքսենք, որ կա ծրագիր, կան խնդիրներ, եկեք հավաքվենք եւ փորձենք լուծում տալ։ Առաջ եղել է՝ իրացրել են 6-700 դոլարով՛՛,-ասաց նա։

Սիսեռյանի ու նիստին մասնակցող փաստաբան Կարապետ Բադալյանի միջեւ այդ ժամանակ վեճ ծագեց: Բադալյանն ասաց՝ եթե կոռուպցիոն ռիսկեր եք տեսնում, ինչո՞ւ, որպես կառավարություն չեք զբաղվում այդ խնդրով, Սիսեռյանն էլ պատասխանեց, որ 2018թ․ հունիսի 1-ին է նշանակվել եւ նախորդ շրջանում կատարվածի հետ ինքն առնչություն չունի եւ Բադալյանը պետք է դիմի համապատասխան մարմիններին։ Փաստաբանը պնդեց նա պետք է զբաղվի այդ հարցով․ ՛՛Սա Բուրջ Համուդը չէ՛՛ ։

Սիսեռյանն արձագանքեց. ՛՛Ի՞նչ է նշանակում Բուրջ Համուդը չէ՛՛:

Նիստը վարողն ընդհատել է վեճը և  նշել, որ Սիսեռյանը շտապում է։

  • Կիսվել: