ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուսը կանգնած, ինչու՞ պիտի մեր երեխեքին տանեին. Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները ՌԴ դեսպանատան մոտ են

Ռուսը կանգնած, ինչու՞ պիտի մեր երեխեքին տանեին. Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները ՌԴ դեսպանատան մոտ են

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով վերադարձնել իրենց զավակներին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց գերեվարվածներից մեկի մայրը՝ Թամար Խաչատրյանը, երեկվա հանդիպումը ՌԴ հյուպատոսի հետ ոչ մի արդյունք չի տվել:

՛՛Ինչի՞ համար տարան մեր երեխեքին, ու՞մ համար տարան, ոնց տարել են, թող էդպես էլ բերեն: Ռուսին ենք տվել, թող ռուսն էլ բերի:

Մեզ արդեն 1,5 տարի օրական մի բան խաբելով ճամփու են դնում: Ինչքա՞ն սպասենք, մենք չգիտենք՝ մեր երեխեքն ինչ վիճակում են էնտեղ: Քաղաքական առեւտուր են անում: Ռուսը կանգնած, ինչի՞ պիտի մեր երեխեքին տանեին: Էդ ինչպե՞ս է լինում, որ ռուսը թուրքի համար բանակցում, տալիս է, հայի համար չի բանակցում, որ տա: Թող նույնն էլ էստեղ անի, թե՞ թուրքի հետ ավելի լավ է, քան մեր հայի: Հետո էլ ասում են՝ մենք բարեկամական ազգ ենք: Ի՞նչ բարեկամ՛՛:

Տիկին Խաչատրյանը նշեց, որ իրենք դեսպանատան մոտից չեն հեռանալու, մինչև հարցին լուծում չտրվի: Նա նաեւ հավելեց, որ միայն Կարմիր խաչի միջոցով հեռախոսով չորս րոպե խոսում են. ՛՛Ասում են՝ լավ ենք, առողջականը լավ է ու վերջ: Թուրքը կողքը կանգնած, ի՞նչ պետք է խոսեն՛՛:

Ծնողներից մեկն էլ նշեց, որ կառավարությունից իրենց ևս ոչ ոք ոչ մի պատասխան չի տվել:

  • Կիսվել: