հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին եզդիական հոգևոր խորհրդի և «Եզդիների ազգային միություն» ՀԿ-ի ղեկավարները, ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի մայրը, Քյարամ Սլոյանի անվան կամավորական ջոկատի մարտիկները, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներ:
 
Ռուստամ Բաքոյանը կարևորել է համայնքի հետ պարբերաբար հանդիպումները, որոնց ընթացքում հնարավոր է լինում տեղեկանալ համայնքի ներկայացուցիչներին հուզող խնդիրների մասին և փորձել դրանք քննարկել համապատասխան ատյանների պատասխանատուների հետ:
 
Ներկաները բարձրաձայնել են համայնքի առանձնահատկություններից բխող որոշ հարցերի վերաբերյալ իրենց մտահոգությունները, որոնց շուրջ էլ քննարկում է ծավալվել: Հյուրերը նշել են, որ հնչած հարցերի մասով համայնքն ունի միասնական դիրքորոշում:
 
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Համայնքի ներկայացուցիչները խոսել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում եզդիերեն ամբիոն ունենալու անհրաժեշտության մասին:
 
Ռուստամ Բաքոյանն էլ անդրադարձել է համայնքին առնչվող իր հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին:
 
Զրուցակիցներն առաջիկայում կրկին հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

  • Կիսվել: