Ռուսական ալիքների թեմայով 25-րդ «սքրինը» ստացա, չեմ կարծում, որ լուրջ խնդիրները լուծվում են ֆեյսբուքյան անբովանդակ բացականչություններով. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ռուսաստանյան մամուլում հայ- ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ աղճատումներին։ Նա մասնավորապես գրել է․
«Նոր ՀՌՀ մամուլի ծառայությունից ֆեյսբուքյան ստատուսների հոբելյանական 25-րդ սքրինը ստացա ռուսական հեռուստածրագրերի եւ կարգավորող մարմնի անելիքների թեմայով։ Քաղաքական գործիչները (կամ իրենց այդպիսիք համարողները), հանրային սեկտորի ներկայացուցիչները, մտահոգ քաղաքացիները, պարզապես սոցցանցերի «աստղերը» կոչ են անում Հանձնաժողովին «միջոցներ ձեռնարկել», «գործ անել», , «փակել», «անջատել», «դուրս շպրտել», «հանցավոր անգործություն չդրսևորել», «արձագանքել»․․․
Արձագանքում եմ։
Չեմ կարծում, որ լուրջ խնդիրները լուծվում են ֆեյսբուքյան անբովանդակ բացականչություններով։ Եւ, ընդհանրապես, սովորեք կառավարել ձեր հույզերը։ Հատկապես, եթե ձեզ արեւմտյան ու ազատական արժեքներ կրող եք համարում։
ՀՌՀ-ն անարգանքի սյունին գամելուց առաջ ցանկալի է ծանոթանաք մեդիան կարգավորող օրենսդրությանը եւ 2020 թ․ ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված միջկառավարական համաձայնագրի տեքստին եւ համաձայնագրի դրույթների իրագործման լիազոր մարմինների անվանումներին։ Ի միջիայլոց, հայկական կողմի թերի աշխատանքի արդյունքն է, որ Համաձայնագրում ամրագրված մեզ համար նպաստավոր դրույթներ չենք օգտագործում, բայց դա ՀՌՀ իրավասություններից դուրս է։
100 անգամ հրապարակավ հնչեցրել եմ միջազգային պրակտիկայի վրա հիմնված տեսակետս՛ հանրային մուլտիպլեքսում չպետք է լինեն քաղաքական բովանդակությամբ օտարերկրյա հեռուստածրագրեր (ոչ միայն ռուսական, այլ նույնիսկ ամերիկյան եւ նույնիսկ տիկին Փելոսիի այցից հետո)։ Այդ պատճառով դեմ եմ եղել այդ համաձայնագրի կնքմանը։ Իմ այդ կարծիքը, մասնավորապես, փոխանցել եմ Մոսկվայում եւ Երեվանում կայացած տասնյակ հանդիպումների, բանակցությունների, քննարկումների ժամանակ, տեսակետիս ծանոթ են ՌԴ գործընկերներս եւ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները։ Ի միջիայլոց քննարկումները միշտ անցել են բարեկամական, կառուցողական եղանակով, իմ փաստարկները ռուսական կողմը լսել են, ինչ-որ փոխհամաձայնությունների եկել ենք։ Եւ շարունակելու ենք աշխատել տասնյալ երկրների կարգավորող մարմինների, այդ թվում Ռուսաստանի, հետ։ Կներեք անհամեստության համար, բայց բոլոր «ստատուսային պահանջատերերը» միասին վերցրած չեն արել նույնիսկ մեկ տոկոսը այն աշխատանքների եւ շփումների ՌԴ տարբեր գերատեսչությունների հետ, ինչը կարող էի չանել, բայց արել եմ։ Թե բա «հանցավոր անգործություն»։
Ասածս է՛ կլինի՞ Հանձնաժողովը հետ քաշվի մանղալից ու խորովածը դուք շարունակեք պատրաստել։ Չեք վախենում՞, որ կվառեք»։


