չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ քաղաքացին Գյումրիում Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

ՌԴ քաղաքացին Գյումրիում Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Երեկ՝ փետրվարի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 40-ամյա Համլետ Հ.-ն, իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղի 6/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ, 13-ամյա Աշոտ Մ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց։

Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։Ժամանել է նաև ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Մուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով երեխան ռեանիմոբիլով տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: