ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Մակեևկայում 63 զոհի մասին, Դրուժովկա քաղաքին հարվածը հայտնվել է ֆրանսիական հեռուստաալիքի եթերում
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա բնակավայրում ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի ժամանակավոր տեղակայման վայրին ուկրաինական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է 63 զինծառայող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 2-ին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը ամերիկյան արտադրության HIMARS համակարգերից 6 ռեակտիվ արկ են արձակել Մակեևկայի ուղղությամբ, որոնցից 2-ը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից:
Մակեևկային հարվածը հասցվել է ամանորյա գիշերը: Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է, որ հարվածի հետևանքով ոչնչացվել է մինչև 10 միավոր տեխնիկա, սակայն զոհերի թվի մասին տեղեկություններ չի հաղորդել: Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈՒ ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը հաղորդել էր, որ զոհվել է 400 ռուսաստանցի զինծառայող, ևս 300-ը վիրավորվել է:
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները ռուսական ԶԼՄ-ներին հայտնել են, որ հարվածի պատճառ է դարձել «զինծառայողների կողմից բջջային կապի ակտիվ օգտագործումը»:
Իսկ ТАСС գործակալությունը հաղորդում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 80 անգամ գնդակոծել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը: Կրակի տակ են հայտնվել 7 բնակավայրեր: Վնասվել է 15 տուն, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքի 5 օբյեկտ: 1 խաղաղ բնակիչ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել:
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում հաղորդել է, որ 2023 թ.-ի երկու օրերի ընթացքում ուկրաինական կողմը խոցել է 80-ից ավելի իրանական կամիկաձե-դրոն: