ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտը պարգևատրվել է Արիության մեդալով

Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտը պարգևատրվել է Արիության մեդալով

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ Վարդան Վարդանյանի համար ռազմական բժշկությունը միակ մասնագիտությունն է, որն իրար է կապում հայրենիքի պաշտպան և կյանքի, առողջության պահապան գաղափարները:

«2013 թվականին ընդունվել եմ Ռազմաբժշկական ֆակուլտետ, 2020-ին ավարտել եմ և նշանակվել Վարդենիսի հրետանային գնդում որպես բուժկետի բժիշկ-մասնագետ: Ռազմական բժշկի ուղին բավականին բարդ է: Որպես առանձնահատկություն կարող եմ նշել համազգեստ կրելը, որն ավելացնում է պատասխանատվությունը քո, հայրենիքի և ընտանիքի առջև: Առանձնահատուկ է նաև ժամկետային զինվորների հետ շփումը, մարդիկ իրենց տղաներին ուղարկում են ծառայության և քո ձեռքում է ոչ թե մեկ անձի առողջությունը, այլ մի ամբողջ ընտանիքի»,-նշում է նա:

Վարդան Վարդանյանը Արցախյան վերջին պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 11-ը, եղել է Քարվաճառի շրջանում, հրետակոծության և հակառակորդի ավիացիայի հարվածների պայմաններում կատարել վիրավորների տարհանում. «Սանիտարական տրանսպորտի խոցման վտանգը հաշվի առնելով նաև ոտքով ենք տարհանել վիրավորներին»:

Նրա խոսքով՝ ռազմական բժիշկը գիտելիքներից, փորձից բացի պետք է ունենա նաև մեծ համբերություն, ճիշտ ժամանակին կատարի առաջադրված հրամանները, չվախենա մահվան գաղափարից, քանի որ պատերազմական իրավիճակը ստիպում է մտածել դրա մասին:

«Երիտասարդ ռազմական բժիշկներին խորհուրդ կտամ օր ու գիշեր պատրասվել, անընդհատ կատարելագործել գիտելիքները և գործնական հմտությունները, շատ զբաղվել սեփական «ես»-ի զարգացման համար, քանի որ հենց «ես»-ն է թելադրում քո գործողությունները էքստրեմալ պայմաններում: Եվ կյանքում շատ կարևոր է գնահատված լինելը»,-հավելում է նա: Ռազմական բժիշկ Վարդան Վարդանյանը իր կատարած աշխատանքի համար ՀՀ նախագահի կոողմից պարգևատրվել է պետական պարգևով` Արիության մեդալով:

  • Կիսվել: