ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՔԾ-ն հերքում է, թե Պեմզաշենի սպանությունների գործով մեղադրյալներից մեկն ինքնասպանության փորձ է արել

ՔԾ-ն հերքում է, թե Պեմզաշենի սպանությունների գործով մեղադրյալներից մեկն ինքնասպանության փորձ է արել

Պեմզաշենում տեղի ունեցած սպանությունների գործով կալանավորված Վրույր և Արկադի Բարսեղյաններից մեկի՝ կալանավայրում ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ Արթիկի կալանավայրում երկու ամսով նախնական կալանք ստացած ենթադրյալ հանցագործներից մեկը (հանգամանքներից ելնելով անունը չենք հրապարակում) Արթիկի քրեակատարողական հիմնարկի աշխատակցից պարան է խնդրել, ըստ երեւույթին՝ կախման եղանակով ինքնասպանություն գործելու նպատակով։

Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում սեփական տանը հայտնաբերել էին 31-ամյա կնոջ ու նրա երկու անչափահաս երեխաների՝ 12 տարեկան դստեր և 8 տարեկան որդու մարմինները։ Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Պեմզաշենի բնակիչ Վրույր Բարսեղյանը, ով ըստ ոստիկանության, տվել էր ինքնախոստովանական ցուցմունք։ Հաջորդ օրը ձերբակալվել էր Արկադի Բարսեղյանը։ Նրանք ունեն մեղադրյալի կարգավիճակ։

  • Կիսվել: