չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ՔՏՀԱՏՄ-ն Արաբկիրում, Կենտրոնում և Շենգավիթում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ

ՔՏՀԱՏՄ-ն Արաբկիրում, Կենտրոնում և Շենգավիթում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Արաբկիր, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում։

Մասնավորապես՝ դիտարկումներն իրականացվել են Կոմիտասի, Բաղրամյանի պողոտաներից դեպի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասից Երևան մուտք գործող, և Երևանից դեպի Արարատի մարզ երթևեկող միջմարզային մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։

Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում՝ ինչպես նախորդ մի քանի օրերին, այսօր ևս հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու մեկ տասնյակին հասնող դեպքեր։
Խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տրվել պարտադիր կատարման ցուցումներ:

Համավարակի տարածումը կանխարգելելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

 
 
 

  • Կիսվել: