ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ հրդեհների կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ

ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ հրդեհների կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ 2021 թ․ մայիսի 26-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ հանրապետության բուսածածկ և խոտածածկ տարածքներում հնարավոր հրդեհներից խուսափելու և նախատեսվող կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։

Տեսչական մարմնից հանդիպմանը մասնակցում էին ՏՄ ղեկավարի օգնական Նիկոյալ Նիկոլայիդին, տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը և Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Գևորգ Պետրոսյանը։ Մասնակցում էին նաև ՀՀ պաշտպանության, Արտակարգ իրավիճակների, Շրջակա միջավայրի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մի շարք ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում մասնակից գերատեսչությունները ներկայացրին իրենց ենթակայության տակ գտնվող չոր և խոտածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու նպատակով իրականացված նախականխման աշխատանքների ընթացքը։ Ամփոփ ներկայացվեց նաև նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները  և դրանց կատարման ժամանակ ի հայտ եկած խնդիրները։

Առանձին քննարկվեց ուսումնական հաստատությունների՝ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային կենտրոնների, այգիների, ՊՆ զորմասերի  հարակից խոտածածք  տարածքներում պատասխանատու գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի և ԱԻՆ-ի հետ համատեղ իրականացվող կանգարգելիչ աշխատանքների իրականացման ընթացքը։

Հրդեհների առաջացման և տարածման  ռիսկայնությունը նվազագույնին հասցնելու նպատակով որոշվեց իրականացնել ակտիվ իրազեկման և կանխարգելման  միջոցառումներ, ինչպես  նաև բուսածածկ և խոտածածկ տարածքների գոտիավորում, ամռան շոգին ընդառաջ ոռոգման ցանցերի և  ջրամատակարարման համակարգերի ինտենսիվ գործարկում։

Ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ հանրապետության տարածքում հրդեհաշիջման սկզբնական միջոցների կիրառության մակարդակը բարձրացնելու    նապատակով համատեղ մասնագիտական դասընթացներ իրականացնելու, ինչպես նաև հետագայում անհրաժեշտության դեպքում բոլոր գերատեսչությունների կողմից անհրաժեշտ աջակցություն և տեխնիկան միջոցներ ներգրավելու վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Տեսչական մարմնի կողմից առաջարկվեց կանխարգելիչ  և իրազեկման ուղղությամբ նախատեսվող միջոցառումներին ակտիվորեն ներգրավվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, այս կերպ ընդլայնելով հրդեհների կանգարգելմանն ուղղված աշխատանքների աշխարհագրությունը։

 

  • Կիսվել: