Քրոջս երեխուն ուղարկել էի, որ հանկարծ չգան երեխուս շիրիմին ծաղիկ չդնեն, չպղծեն. զոհվածի հայր
Այսօր տղայիս ծննդյան օրն է՝ 25 ամյակը. Այսօր դարձավ 25 տարեկան՝ մեր հուշերում, իրեն ճանաչողների բոլորի հուշերում, ընդմիշտ մնալով 19-ը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 27–ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց 44–օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։
«Ես Արցախից եմ, Հադրութի շրջանի Տող գյուղից, տղաս ծառայում էր հինգերորդ պաշտպանականում։ Պատերազմի ժամանակ 27 օր Մարտակերտում, մարտնչելուց հետո հոկտեմբերի 23-ին տեղափոխում են Մարտունի երկու զորամաս, հոկտեմբերի 30-ին զոհվում է բարձունքում»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ հունվարի 27–ը հայտարարվել է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, Վահիդ Սահակյանն ասաց. «Մեզ համար բոլոր օրերն էլ հիշատակի օրեր են, հիմա թե դրանք ինչ են մտածել, ինչ են արել, թող իրենք մտածեն, երևի թե նկարվելու առիթ է եղել, որ պիտի գային նկարվեին, ևս մի օր ավելացրին իրենց հետ նկարվելու ցուցակում։
Մեզ համար ամեն օր հիշատակի օր է, շաբաթվա չորս-հինգ օրը այստեղ ենք լինում մեր երեխեքի մոտ, նստած զրուցում ենք, կիսվում ենք ու գնում ենք մեր տներով։ Թե հիմա իրենք ինչ կանեն, ինչ չեն անի, դա իրենց գործն է, ես որևէ բան չեմ կարող ասեմ։ Թող գան նկարվեն, թողնեն գնան։
Ես քրոջս երեխային ուղարկել եմ այստեղ, ասեցի՝ Գևորգ, անպայման ժամը 9-ին լինում ես այստեղ, ոնց որ սիրտս վկայում էր, որ կարող է գան, հանկարծակի մեկը չգա երեխու շիրիմը չպղծի, չգան ծաղիկ դնեն։ Դրա համար ասեցի՝ ժամը 9-ին կգաս, որ որևէ մեկը երեխու շիրիմին չմոտենա։
Այդ չորս քառակուսի մետրը իմ տղայի սեփականությունն է, ես էլ որպես տուժողի իրավահաջորդ, ինձ է անցել, ՔՊ–ականներից որևէ մեկը իրավունք չունի, նույնիսկ քայլելով անցնել կամ տղայիս շերիմին ծաղիկ դնի։ Ուր գնում են, թող գնան, եթե հերոսների հարազատները կհանդուրժեն, թող գնան իրենց երեխեքի շիրիմներին, հարազատների շիրիմներին ծաղիկ դնեն, ես չեմ թողնում, ես արգելում եմ։ Ասել եմ ու էլի ասում եմ՝ քանի սաղ եմ, չեմ թողնի, դրանից հետո ինչ կանեն, դա արդեն չգիտեմ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
Այսօր ոչ աշխատանքային օր է։
Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։


