հինգշաբթի, ապրիլ 10
10 / 4 / 2025
Քննարկվել են Հայաստանում և Հունաստանում կրթամշակութային ծրագրերի իրականացման գործընթացները

Քննարկվել են Հայաստանում և Հունաստանում կրթամշակութային ծրագրերի իրականացման գործընթացները

Ապրիլի 3-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի նորանշանակ նախարար Սոֆիա Զախարակիին։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Սոֆիա Զախարակիին նախարարի նշանակման կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններ պաշտոնավարման ընթացքում։ Կողմերը քննարկել են կրթության ոլորտում հարաբերությունները ընդլայնելու հնարավորությունները։

Անդրադարձ է եղել Հունաստանում, մասնավորապես Աթենքի և Կոմոտինիի համալսարաններում, հայոց լեզվի և հայագիտության դասավանդման արդեն մեկնարկած ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում հունարենի զարգացման ծրագրերին, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանում և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հայաստանցի ուսանողների համար հին հունարենի դասավանդման հնարավոր տարբերակներ քննարկելու առաջարկություն։ Քննարկվել են կրթամշակութային ծրագրերի իրականացման գործընթացները համապատասխանաբար Հայաստանում և Հունաստանում։

Նախարար Զախարակին նշել է, որ այդ թվում և կրթամշակութային հիմնադրամների, օրինակ Ստավրոս Նիարխոսի կամ Օնասիսի հիմնադրամների, միջոցով Հունաստանը մեծ փորձ ունի այդ ուղղությունները միատեղելու։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ԿԳՄՍ կողմից այս ուղղությամբ արձանագրած որոշ նախագծեր և առաջարկել առաջիկա բարձրաստիճան այցելությունների ընթացքում դիտարկել հունական փորձը։

Դեսպանը ներկայացրել է նաև կառավարության նախաձեռնած Ակադեմիական քաղաք նախագծի հայեցակարգը։ Քննարկվել են առաջիկայում բարձրաստիճան այցելությունների անցկացման հնարավորությունները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտը կրթության և գիության ոլորտներում ընդլայնելու հեռանկարները։

  • Կիսվել: