շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քննարկվել են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները

Քննարկվել են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում կատարել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը նշել է, որ շենքերի կառավարման հետ կապված խնդիրների կարգավորման նպատակով առաջարկվում է բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի փոխանցման պահանջ սահմանել: Հստակեցվում են նաեւ բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում պետական կառավարման մարմնի, մարզպետների եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները:

Առաջարկվում է նաեւ պատասխանատվություն սահմանել նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի մասով սահմանված պարտականությունների չկատարման համար:

Քննարկման ընթացքում պատգամավորները բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են մասնավորապես նորակառույց շենքերի շինթույլտվություններին, համատիրությունների ձեւավորմանն ու գործունեությանը, շենքերի սպասարկման վերահսկողությանը, Երեւանի գլխավոր հատակագծին, շինարարության ընթացքում առաջացած խախտումներին վերաբերող հարցերի:

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը նշել է՝ կան խնդիրներ, որոնց կարելի է անդրադառնալ նաեւ խորհրդարանական լսումների ձեւաչափով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված հարցին: Նախագիծն առաջարկվել է ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

  • Կիսվել: