շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Քննարկում ենք շտապօգնության մեքենաների վրա տեսախցիկներ տեղադրելու հարցը. Ավանեսյան

Քննարկում ենք շտապօգնության մեքենաների վրա տեսախցիկներ տեղադրելու հարցը. Ավանեսյան

Բռնության նկատմամբ բոլորս պետք է զրո հանդուրժողականություն ունենանք՝ անկախ նրանից, թե բռնության հեղինակը ով է, և ում նկատմամբ է այդ բռնությունը կիրառվում: Այդ մասին կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ հետևողական գնում են նրան, որ քրեական գործերի շրջանակում այդ անձինք հավուր պատշաճի պատասխանատվություն կրեն:

Նախարարը տեղեկացրեց, որ նաև քննարկվում է շտապօգնության մեքենաները տեսախցիկներով կահավորելու հարցը:

«Արդեն իսկ քննարկում ենք շտապօգնության մեքենաների վրա տեսախցիկներ տեղադրելու հարցը, որպեսզի թե՛ չզիջման, թե՛ այլ հարցերի հետ կապված ավելի ընդհանրական պատկեր ունենանք:

Բացի դրանից՝ պետք է նաև մասնագիտական հանրության հետ քննարկենք, թե անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հետ կապված ինչպիսի՞ միջազգային փորձ կա, ի՞նչ միջոցներ կան, որ մենք կարող ենք տրամադրել, որովհետև շտապօգնության բրիգադը՝ անկախ նրանից, թե բուժառուն գո՞հ է այդ բրիգադի աշխատանքից, թե՞ չէ, գոհ լինել-չլինելն այլ ձևաչափով, այլ տեղում պետք է արտահայտի, և բացառվի որևէ մեկի նկատմամբ բռնության կիրառումը»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ օրերս զինված քաղաքացին կանչի վայրում հարձակվել էր Հանրապետական շտապօգնության ծառայության՝ Աշտարակի բրիգադի բուժաշխատողների վրա: Տուժել էր շտապօգնության վարորդը: Նախարարը դատապարտել էր տեղի ունեցածը՝ անընդունելի համարելով բուժաշխատողների հանդեպ բռնության ցանկացած փորձ ու դրսևորում:

  • Կիսվել: