երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Քիմիայի ինստիտուտի մոտ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցող ընկերությունը հերքում է գիտաշխատողների պնդումները

Քիմիայի ինստիտուտի մոտ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցող ընկերությունը հերքում է գիտաշխատողների պնդումները

«Գրին Փրոփոերթի Դիվելոփմենթ» ընկերությունը, որը ցանկանում է ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, պատրաստվում է դիմել դատարան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ընկերությունից հայտնեցին, որ գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների հայտարարությունները զրպարտանք են համարում։ 

«Գիտաշխատողները ասում են, իբր, մեր ներկայացուցիչը ասել է․ «ինչի է պետք այդ տարածքը, եկեք մենք ձեզ լավ պայմաններով տներ կտանք»: Այս հայտարարությունը զրպարտանք է, մենք պատրաստվում ենք դիմել դատարան։ Մեր իրավաբանները զբաղվում են այդ հարցով»,- նշեց «Գրին Փրոփոերթի Դիվելոփմենթ» ընկերության մամուլի խոսնակ Նարեկ Մանուկյանը։ 

Վերջինիս խոսքով՝ ԳԱԱ գիտաշխատողները ճիշտ չեն ներկայացնում իրողությունը՝  ասելով, որ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտն այս պահին բնակելի շենքերից ամենաքիչը 400-500 մետր հեռավորության վրա է: Նա վստահեցնում է հեռավորությունը 150 մետր է։

Անդրադառնալով գիտաշխատողների հայտարարությանը, որ բազմաֆունկցիոնալ համալիրի աշխատակիցները ԳԱԱ տարածք են մտել, Մանուկյանը կրկին հերքում է։

«Մենք որևէ մեկի պարիսպը չենք հանել, մենք բոլոր աշխատանքները կատարում ենք սեփականության իրավունքով մեզ տրված տարածքում։ Ներխուժման մասին հայտարարությունները սադրանք են։ Ասեմ ավելին՝ այս պահին շինարարական աշխատանքեր չեն ընթանում, դա նույնպես ապատեղեկատվություն է։ Իրականացվում են հորատման աշխատանքներ»,- նշեց նա։

Մանուկյանը վստահեցրեց, որ ինստիտուտի մյուս ուղղությամբ՝ 100 մետր հեռավորության վրա, 4  բարձրահարկ շենք է կառուցվել։ Շեշտում է՝ եթե այդ շենքերի դեպքում վնաս չի հասցվել, նույն հեռավորության վրա գտնվող իրենց բազմաֆունկցիոնալ համալիրը ևս վտանգ չի ներկայացնի։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, եթե ինչ-որ մեկը կարողանա ապացուցել, որ մեր աշխատանքների հետևանքով որևէ վնաս է հասցվել որևէ մեկին՝ կլինի դա տեխնիկա, թե նույնիսկ ասֆալտի ճաք, մենք փոխհատուցենք մեր կողմից պատճառված վնասը»,- վստահեցրեց Մանուկյանը։

Վերջինս շեշտեց, որ իրենք որևէ մեկի տարածքում որևէ աշխատանք չեն կատարում, ինստիտուտի տարածք մուտք չեն գործել և չեն էլ պատրաստվում։

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից ընդգծեցին՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք տալը չի նշանակում պարտադիր կառուցապատման թույլտվություն։

«Քաղաքապետարանի կողմից որպես փաստաթուղթ տրվել է միայն նախագծման թույլտվություն, որևէ այլ փաստաթուղթ այս պահին չկա։ Հետագայում թե ինչ լուծում կտրվի, ոնց կլինի ՝ չգիտենք։ Այսինքն` նախագծային փաստաթղթի տրամադրումը չի ենթադրում պարտադիր շինթույլտվության տրամադրում, բայց նաև չի էլ բացառում»,- նշեցին վարչությունից։ 

 

  • Կիսվել: