Քաոս առողջապահական համակարգում․ Նոր համակարգը բուժհաստատություններում մեծաթիվ հերթերի պատճառ է դարձրել
Այս օրերին Երևանի բոլոր բուժհաստատություններում անթիվ հերթեր են, պատճառը Առողջապահության նախարարության կողմից ներդրված պարտադիր ապահովագրության համակարգն է։
Ըստ նոր համակարգի` պարտադիր ապահովագրության շրջանակում բուժօգնություն ստանալու համար ծրագրի շահառուները պարտավոր են սկզբում բուժզննում անցնել պոլիկլինիկայի տեղամասային թերապևտի մոտ, ապա՝ ըստ անհրաժեշտության, ուղեգրվել այս կամ այն հետազոտության կամ ստացիոնար բուժման։ Փաստացի, նոր համակարգի ներդրմամբ պոլիկլինիկաների տեղամասային թերապևտների ծանրաբեռնվածությունը կրկնապատկվում է՝ նրանք ստիպված են սպասարկել թե իրենց մոտ խորհրդատվության եկած հիվանդներին, թե նրանց՝ ում զուտ պետք է ուղեգրեն այլ զննության կամ այլ բուժհաստատություններ։
Տրամաբանությունը հուշում է, որ մինչ համակարգը ներդնելը պատասխանատուները պետք է հաշվի առնեին գոնե այս ակնհայտ խնդիրը և փորձեին կամ ավելացնել պոլիկլինիկաների տեղամասային թերապևտների քանակը, կամ բարձրացնել նրանց աշխատավարձը արտաժամյա աշխատելու համար, կամ նախատեսել որևէ այլ լուծում հիվանդների կուտակումները նվազեցնելու և բժիշկների ծանրաբեռնվածությունը թոթափելու համար։ Սակայն, ինչպես վկայում են մեր հարցումները, այդ ուղղությամբ որևէ քայլ համակարգի պատասխանատուների կողմից չի արվել։
Համակարգի ներդրման հետ մեկտեղ առաջ են եկել նաև այլ ածանցյալ խնդիրներ՝ օրինակ, որոշ բուժհաստատություններ պարտադիր ապահովագրական վճարներից օգտվելու համար չեն ուղղորդում բուժառուներին այլ բուժհաստատություններ նույնիսկ մեծ կուտակումների և հերթերի պարագայում, ինչը հիվանդների ավելորդ նյարդայնանալու պատճառ է դառնում։
Նման իրավիճակի ականատեսը եղանք Երևանի թիվ 22 պոլիկլինիկայում։ Բուժառուները InfoPօrt.am-ի հետ զրույցում նշեցին, որ ամեն օր առավոտյան ժամը 09։00-ից մոտենում են անալիզներ հանձնելու, սակայն մինչև աշխատանքային ժամի ավարտը չեն հասցնում բոլորին ընդունել, ինչի պատճառով սպասասրահում տիրում է նյարդային և լարված մթնոլորտ։ Մեզ հետ զրույցում հերթում սպասող հիվանդներից մեկը նշեց, որ արդեն երկրորդ օրն է՝ ինչ գալիս է անալիզներ հանձնելու, սակայն հերթը չի հասնում․ «Ժամերով սպասում եմ, հետո պարզվում է վաղը պետք է կրկին կտրոն վերցնել և մոտենալ, մանավանդ, որ հաշմանդամության կարգ ունեմ և ի վիճակի չեմ երկար կանգնել, օրերով սպասել»։
Բժիշկներից մեկն էլ անկեղծացավ․ «Այսպիսի հերթերով հնարավոր չէ աշխատել, մանավանդ այն պարագայում, երբ պոլիկլինիկայի որևէ աշխատակցի աշխատավարձ չի բարձրացվել։ Մարդկանց հոսքը ավելացել է, սակայն պոլիկլինիկան այդքան մեծ ռեսուրս չունի նրանց ընդունելու»։
Ըստ նրա՝ այս պահին 60,000 դրամ ստացող բժիշկն ուղղակի հերոս է, որ նման հերթերի պարագայում, երբեմն նաև վիրավորանքներ կուլ տալով, շարունակում է աշխատել։
Որոշ բուժհաստատություններում էլ ականատես ենք լինում հակառակ պատկերի՝ երբ պոլիկլինիկան արհեստականորեն ձգձգում է ուղեգրի տրամադրումը մինչև այն ժամը, երբ արդեն տվյալ հետազոտությունը աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված հնարավոր չի լինում իրականացնել իրենց մոտ և բուժառուն ստիպված է լինում ուղեգրով մոտենալ արդեն հիվանդանոց՝ բուժզննում անցնելու համար, ինչը վատառողջ մարդու համար հավելյալ տանջանք ու քաշքշուք է։ Նման ահազանգ էլ խբմագրությունը ստացավ օրերս Վարդանանց նորարարական բուժկենտրոնի բուժառուներից մեկից։


